AM
1 Հուլիս 2014 - 07:36 AMT

Իսրայելցի դեռահասների սպանությունը Գազայում ռազմական գործողությունների վերսկսման պատճառ է դարձել

Իսրայելի ինքնաթիռներն ու ուղղաթիռները հուլիսի լույս 1-ի գիշերը կետային հարվածներ են հասցրել Գազայում տեղակայված 34 թիրախի ուղղությամբ, որոնք կապված են ՀԱՄԱՍ-ի կամ «Իսլամական ջիհադի» հետ: Գրոհայիները Գազայի հատվածից 15 հրթիռ էին արձակել Իսրայելի ուղղությամբ: Ըստ պաղեստինյան աղբյուրների, ավիահարվածների արդյունքում չորս մարդ վիրավորվել է, ևս մեկն անհայտ կորել:

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է հարվածներն ահաբեկչական կազմակերպությունների ենթակառուցվածքներին մերձափնյա պաղեստինյան անկլավում: Դա պատասխան էր Գազայի հատվածից Իսրայելի տարածքի գնդակոծմանը:

«Ըստ զինվորականների, Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 5 հրթիռ: Զոհեր չկան, այրվել է ավտոմեքենա և վնասվել է շենքերից մեկը երկրի հարավում: Բանակը շարունակում է վճռական գործել քանի դեռ խաղաղություն չի հաստատվել Իսրայել պետության քաղաքացիների համար»,-ասվում է իսրայելյան բանակի հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իսրայելի ու Պաղեստինի հարաբերությունները վատթարացան հունիսի 12-ին երեք իսրայելցի դեռահասների առևանգումից հետո:

Իսրայելն անմիջապես մեղքը բարդեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա: Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությունը հունիսի 26-ին հրապարակել է ՀԱՄՍ երկու ակտիվիստների անուններն ու լուսանկարները: Անցած երկուշաբթի սպանված դեռահասների մարմինները հայտնաբերվեցին Հեվրոն քաղաքից ոչ հեռու` Հորդանանի Արևմտյան ափին: ՀԱՄԱՍ շարժումը հերքեց մեղադրանքը և զգուշացրեց Երուսաղեմին «պատերազմի սրացումից» խուսափելու անհրաժեշտության մասին:

Մինչդեռ Իսրայելը բանակային գործողություն է անցկացնում: Մի քանի օրում 400 արաբ է ձերբակալվել, հիմնականում` ՀԱՄԱՍ ակտիվիստներ, ինչպես նաև շուրջ 10 պաղեստինցի խորհրդարանական: Զինվորները 2,8 հազար շենք են խուզարկել, ներառյալ հեռուստաալիքների ու թերթերի գրասենյակները: Բացի այդ, ձերբակալվել է 57 պաղեստինցի, որոնց ազատ էին արձակել Իսրայելի բանտերից 2011 թվականին իսրայելցի զինվոր Գիլադ Շալիտի փոխարեն: Հորդանանի արևմտյան ափում զինվորական գործողության հետևանքով սպանվել է պաղեստինցի դեռահաս: Այդ մասին երեքշաբթի հայտարարել են Պաղեստինի բուժծառայությունների ներկայացուցիչները, հայտնում է Haaretz-ը:

Ըստ պորտալի տեղեկատվության, զոհվածը 16-ամյա Յուսեֆ Աբու Զգան էր, որը փորձել է խանգարել ուժայիններին ձերբակալել երեք պաղեստինցիների: Ձերբակալությունները կապված չէին երեք իսրայելցի դեռահասների սպանության որոնողական գործողության հետ, նշում է պարբերականը:

Israel Radio-ն հայտնել է, որ հավանաբար, դեռահասը հարձակվել է զինվորների վրա, որոնք էլ կրակ են բացել: Առաջիկայում միջադեպը կհետաքննվի: