AM
18 December 2002 - 16:51 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ ԵՆ
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ

Որպես հերթական ապատեղեկատվություն է գնահատել Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ, Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող Վազգեն Մանուկյանը Բաքվի «525» թերթի տեղեկատվությունը` թե իբր իր ասելով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբի հետ եւ համաձայնություն է տվել Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական կայանների ստեղծմանը: Ադրբեջանական թերթի համաձայն, հայտարարությունն այդ մասին արվել է Վազգեն Մանուկյանի կողմից` արտասահմանյան լրագրողների հետ մամուլի ասուլիսում: «Արտասահմանյան լրագրողների հետ ես ընդհանրապես չեմ հանդիպել եւ նման հայտարարություններ չեմ արել»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը «Դե-ֆակտո» գործակալությանը: Բաքվի այս բացահայտ ապատեղեկատվության մասին վկայում են նաեւ ադրբեջանական քաղաքական գործիչների հայտարարությունները: Մասնավորապես, Ադրբեջանի եւ Հյուսիսային Ատլանտիկայի համագործակցության ասոցիացիայի նախագահ Սուլհադդին Ակպերը տեղեկացրել է «Օլայլար» գործակալությանը, որ միջազգային ասպարեզում նման փաստերի տարածման գործում մեծ դեր են խաղացել Ադրբեջանի ԶԼՄ-ները: «Գործերի նման դրությունը գովեստի է արժանի: Ցանկալի է, որպեսզի երկրի մամուլն ու լրատվա-վերլուծական կենտրոնները նոր մեթոդների անցնեն: Այդ տեղեկատվությունը պետք է օգտագործել հոգեբանական պայքարում եւ լրատվական պատերազմում»,- հայտարարել է Սուլհադդին Ակպերը: