AM
18 December 2002 - 14:00 AMT

ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋՆՈՐԴԸ

Դժվար թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց ակնկալվի մինչեւ 2003թ. Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների ավարտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նրա խոսքերով` միայն ընտրություններից հետո հնարավոր են տեղաշարժեր, իսկ մինչ այդ համանախագահները կզբաղվեն նախապատրաստական աշխատանքով: Անարդար կլիներ բանակցությունների ձգձգման մեղքը բարդել կողմերից որեւէ մեկի վրա, նկատել է Պերինան: «Առավել դժվարն այդ գործում` երկու կողմերին համոզելն է փոխզիջումների գնալ եւ ընդունել ծանր որոշումներ եւ դրա հետ մեկտեղ օգնել նրանց փրկել իրենց «դեմքը»: Նման դեպքերում մենք հիշեցնում ենք, որ այսօրվա դժվարին որոշումները կփոխհատուցվեն ապագայում», – նշել է միջնորդը: