Սիրայում քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը դրա սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից մինչև 2014-ի ապրիլ, կազմել է նվազագույնը 191 հազար 369 մարդ, հայտարարել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, հաղորդում է BBC-ն:
Դեռ մեկ տարի առաջ ՄԱԿ-ը նշում էր Սիրիայում բախումների հետևանքով 91 հազար զոհի մասին, իսկ հիմա թիվն ավելացել է ավելի քան 2 անգամ:
Հանձնակատարը նշել է, որ ամենայն հավանականությամբ, զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է:
«Հնարավոր է, որ մահացու հակամարտության արդյունքում 3 տարվա ընթացքում սպանված մարդակնց թվին իրական գնահատական դեռ չի տրվել»,- նշել է Փիլայը:
ՄԱԿ-ը նաև քննադատում է «համաշխարհային հանրության կաթվածը», որն անընդունակ է ավարտին հասցնել հակամարտությունը:
Սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է Դամասկոսում` 39.393 մարդ, հաջորդում է Հալեպը` 31.932 սպանվածով:
Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում 2 միլիոն մարդ փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:
Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:






