AM
4 Սեպտեմբեր 2014 - 10:00 AMT

Օբաման կոալիցիա է հավաքում «Իսլամական պետության» դեմ պատերազմելու համար

Միջազգային քննիչների խումբը հավաքագրում է Իրաքի և Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» (ԻԳ) գրոհայինների մասնակցության վերաբերյալ հանցանշանները:

Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին» ВВС-ի վրա հղումով, խմբի կենտրոնակայանը գտնվում է եվրոպական քաղաքներից մեկում: Վերջին ամիսներին քննիչները մոտ 400 մեղադրական փաստաթուղթ են պատրաստել: Ներկայումս իսլամական պետությունը վերահսկում է Մեծ Բրիտանիայի հետ համեմատելի տարածք: Այդպես են կարծում ԱՄՆ հատուկ ծառայությունները:

Գրոհայինների հսկողության տակ է Տիգրիսի և Եփրատի ավազանների զգալի մասը, որը համարվում է Մերձավոր Արևելքի «խաչմերուկը»: Այդ տարածքը չափերով համեմատելի է Միացյալ Թագավորության հետ, ասել է ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Մեթյու Օլսենը: Ելույթ ունենալով Բրուքինգսի համալսարանում, նա խոստովանել է, որ այդ խմբավորումը, որը նախկինում իրեն անվանում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն», «ցույց տվեց իրեն որպես արդյունավետ մարտական ուժ»: Այժմ նրա կազմում գործում է մոտ 10 հազար գրոհային, այդ թվում եվրոպացիներ ու ամերիկացիներ: Նրանց, մասնավորապես, կարող են օգտագործել արտաքին գործողությունների համար: Փորձագետն ասել է, որ ՀԴԲ-ն տասնյակից ավելի անձանց է ձերբակալել, որոնք մտադիր էին ԱՄՆ-ից Սիրիա մեկնել՝ աջակցելու ահաբեկիչներին: Նավթի ապօրինի վաճառքի, մաքսանենգության ու փրկագին ստանալու հաշվին «Իսլամական պետությունը» օրական մեկ միլիոն դոլար եկամուտ է ստանում:

Ըստ բարձրաստիճան մասնագետի, այդ կազմակերպությունն այժմ ներկայանում է որպես «գլոբալ ջիհադի նոր առաջնորդ», որը վարում է «նման խմբավորումների շրջանում ամենահմուտ քարոզչությունը» և «սպառնում է առաջ անցնել «Ալ Քայիդայից», դառնալով գլոբալ ծայրահեղական շարժման ամենաազդեցիկ ձայնը»:

Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ «Իսլամական պետությունը» միայն «պոտենցիալ» սպառնալիք է ԱՄՆ մայրցամաքային մասի համար: ԱՄՆ հատուկ ծառայությունները տվյալներ չունեն այդ տարածքում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մասին:

Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Բրիտանիայի կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնն Ուելսում գագաթաժողովի նախօրեին հոդված են գրել The Times-ի համար, որտեղ հավաստիացրել են, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը պատրաստ են պայքարել գլոբալ խաղաղության համար և չեն վախենում լրագրողների սպանող «բարբարոս մարդասպաններից»:

The Times-ի համար գրված համատեղ հոդվածում Օբաման ու Քեմերոնը գրել են, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը կարող են ջանքեր գործադրել ապահովելու համար գլոբալ անվտանգությունը:

«Մեր երկրներին չես վախեցնի այդ բարբարոս մարդասպաններով: Եթե նրանք կարծում են, որ կթուլացնեն մեզ իրենց սպառնալիքներով, ապա սխալվում են»,-հայտարարել է Քեմերոնը: Իր հերթին Օբաման համբերության կոչ արեց «Իսլամական պետության» դեմ պայքարում: «Տարածաշրջանում կոալիցիայի ձևավորման համար ժամանակ կպահանջվի»,-հայտարարել է նա:

Պաշտոնական անձինք Վաշինգտոնում ու Լոնդոնում հայտնեցին, որ ԻԳ դեմ միջազգային կոալիցիայի հիմքում Ջորջ Բուշ ավագի փորձը կլինի, որը կոալիցիա հավաքեց Սադդամ Հուսեյնի դեմ 1991 թվականին:

Հունիսին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Մինչդեռ, Ֆրանսիայի իշխանությունները դիտարկում են Իրաքում «ԻԳ» գործողություններին պատասխանելու հնարավորությունը, չբացառելով ռազմական միջամտությունը, ասվում է տարածված հայտարարության մեջ:

«Նախագահ Օլանդը սեպտեմբերի 3-ին գումարել է ԱԽ նիստ սեղմ կազմով, քննարկելու համար իրավիճակն Իրաքում և ուսումնասիրելով բոլոր այն միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել ԻԳ դեմ միջազգային հանրության կողմից, որը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար և նրա սահմաններից դուրս»,-ասված է կոմյունիկեում:

«Պետության ղեկավարը կարևորել է քաղաքական, հումանիտար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ռազմական պատասխանը միջազգային իրավունքի շրջանակում»,-ասվում է փաստաթղթում: Նախագահի նստավայրում ասում են, որ Փարիզը մտադիր է շարունակել խորհրդակցությունները բոլոր գործընկերների հետ, որպեսզի այդ պատասխանը համաձայնեցված լինի բոլոր ոլորտներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: