AM
17 December 2002 - 15:34 AMT

ՆԱՏՕ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ

ՆԱՏՕ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի հավաքական զորքերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Ռալսթոնը: «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հասել ենք էական առաջընթացի Հայաստանի հետ հարաբերություններում, որն ինքն է ընտրում համագործակցության տեմպը: Ուստի իմ այցը նպատակ չունի արհեստականորեն արագացնել այդ գործընթացը»,- ընդգծել է նա: Ջոզեֆ Ռալսթոնի խոսքերով` հաջորդ տարի Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 50 միջոցառումների` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ավելին, 2003 թվականին Հայաստանի տարածքում առաջին անգամ կանցկացվեն «Cooperative Best Effort » զորավարժությունները: Այն հարցին, թե այդ համագործակցությանը չի խոչընդոտի արդյոք Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լարվածությունը, գեներալը պատասխանել է. «Թուրքիան` Հյուսիսատլանտյան Դաշինքի 19 անդամ երկրներից միայն մեկն է»: