AM
25 Սեպտեմբեր 2014 - 06:31 AMT

Սիրիայի իշխանությունները հավանություն են տվել ԱՄՆ հարվածներին ԻՊ դիրքերին

ԱՄՆ գլխավորած գործողությունը «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ «ճիշտ ուղղությամբ են» ընթանում:

Այս մասին հայտարարել է Սիրիայի ազգային հաշտեցման պետնախարար Ալի Հայդարը, մեկնաբանելով օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում, որն իրականացնում է ԱՄՆ ղեկավարած կոալիցիան: «Միջազգային կոալիցիան, իրազեկելով սիրիական ղեկավարությանը և հարվածներ չհասցնելով Սիրիայի բանակին ու քաղաքացիական բնակչությանը, գործում է ճիշտ ուղղությամբ»,-մեջբերում է Հայդարին «Վզգլյադը»:

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ՌՕ ուժերը հարվածներ հասցրեցին «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում: Հարվածների համար օգտագործվել են Predator անօդաչու սարքերը, B-1 ռազմավարական ռմբահար ինքնաթիռներն ու F-16 և F-18 կործանիչները: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրազեկել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչին Ռաքքայում ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու մասին: Սեպտեմբերի 10-ին ազգին ուղղված ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԻՊ դիրքերին Սիրիայում հնարավոր է հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի թույլտվության: Պաշտոնական Դամասկոսը բացասաբար վերաբերվեց նման հնարավորությանը: ԻՊ դիրքերի ռմբակոծությունները Սիրիայում ԱՄՆ առաջին հարվածն է Սիրիայի տարածքին: «Իսլմական պետությունը» վերահսկում է Իրաքի ու Սիրիայի զգալի տարածքներ: Սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն սահմանափակում էր օդային հարվածները Իրաքի սահմաններով, քանի որ պաշտոնապես Վաշինգտոնը չէր միջամտում սիրիական հակամարտությանը:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը. պատրվակ հանդիսացավ քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համզոիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս է բերվել և ոչնչացվել է շուրջ 800 տոննա քիմիական նյութեր, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: