AM
16 December 2002 - 18:47 AMT

ՌԵՋԵԲ ԷՐԴՈՂԱՆԻ ԴԵՊԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԸՆԿԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՎԵՐԱՑՎԱԾ Է

Վերջերս Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեբ Էրդողանի դեպի վարչապետի պաշտոն ճանապարհի խոչընդոտը վերացված է: Թուրքական խորհրդարանը իշխող կուսակցության առաջարկով ընդունել է երկրի սահմանադրության համապատասխան հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն, հակասահմանադրական գործողությունների համար քրեական պատժի ենթարկված անձինք (որոնց թվին է պատկանում նաեւ Էրդողանը), այսուհետեւ կարող են ընտրվել խորհրդարան: Հետեւաբար, ԱԶԿ առաջնորդը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ինչպես հայտնի է, գրում է ադրբեջանական «525» թերթը, վերջերս ԱԶԿ առաջնորդը շրջագայություն է կատարել Եվրոպայի երկրներով, իսկ այնուհետեւ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին: Այդ այցելությունները օգնել են Էրդողանին հաղթահարել իսլամականի իր իմիջը: Պատահական չէ, որ նրա հետ հանդիպելուց հետո, Ջ. Բուշը կրկին հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցներից մեկն է: Արեւմուտքի համակրանքին արժանանալուն ծառայել է նաեւ թուրքական կառավարության համաձայնությունը ԱՄՆ-ին իր ռազմակայանները տրմադրելու վերաբերյալ Իրաքի դեմ ռազմական արշավ սկսելու դեպքում: