Ծայրահեղական «Իսլամական պետությունը» գրոհներ էր ծրագրում Իրանի դեմ, նպատակ ունենալով տիրանալ միջուկային տեխնոլոգիաներին: Այդ մասին հայտնի դարձավ խմբավորման ղեկավարներից մեկի՝ Աբդուլլահ Ահմեդ ալ Մեսհեդանիի կազմած փաստաթղթից: Տվյալ տեքստը հայտնաբերել են Իրաքի հատուկ նշանակության ուժերն ԻՊ առաջնորդի տանը:
Ինչպես հայտնում է Iran.ru-ն, փաստաթուղթը նախատեսված էր ԻՊ երկու հրամանատարների համար և պարունակում է մոտ 20 ռազմական պլան, այդ թվում, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տվյալներին տիրանալու մասին: Ներկայումս փաստաթղթերն ուսումնասիրում են արևմտյան հատուկ ծառայությունները:
Ավելի վաղ Եվրամիության 8 երկրներ հանդես եկան Եվրոպայում սահմանայի վերահսկողության խստացման օգտին: Այդ մասին գաղտնի փաստաթղթի վրա հղումով հայտնում է բրիտանական Daily Telegraph-ը: Ըստ թերթի, Եվրոպայում սահմանային հսկողության խստացման հարցը կդրվի ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարների քննարկմանը, որոնց հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Միության 8 երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսպանիան և Նիդերլանդները, կողմ են Եվրամիությունում սահմանային հսկողության խստացմանը: Եվրոպացի պաշտոնյաների մտավախությունները կապված են Սիրիայից ու Իրաքից Եվրոպա վերադարձող եվրոպացի ջիհադականների հետ: Ըստ ԵՄ իշխանությունների, մոտ 3000 «արտասահմանցի գրոհայիններ» կարող են ազատ մուտք գործել ԵՄ տեղաշարժի ազատության շնորհիվ:
«Այդ մարդկանց համար Եվրամիությունում ահաբեկչական գործողություն կատարելը ժամանակի հարց է: Կառավարությունները սարսափած են,-հայտարարել է Daily Telegraph-ին եվրոպացի դիվանագետը, որը չի ցանկացել նշել անունը՝ մեկնաբանելով 6-էջանոց փաստաթուղթը, որը ենթադրում է ստուգումների խստացում:
«Եվրոպական երկրների համար ստուգումների բացակայության, ԵՄ ներքին չվերթների ուղևորների ցուցակները երկար չպահելու պատճառով Եվրամիությունը վերածվել է մի վայրի, որտեղ պոտենցիալ ահաբեկիչները անհետանում են տեսադաշտից»,-հավելել է դիվանագետը:
Ինչպես հաջողվել է պարզել պարբերականին, քննարկման ներկայացվելիք առաջարկները ներառում են ընտրական ստուգումների վերսկսումը սահմաններին, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ Շենգենի գոտում սահմանների հատման կանոնների վերանայում, ներառյալ փաստաթղթերի ստուգում նույնիսկ Եվրամիության քաղաքացիների համար, հայտնում է Lenta.ru-ն:
Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:
Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:
Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:






