Գերմանիայում գտնվող ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ֆարուխ Մամեդլին, որը հղում է կատարում իր աղբյուրներին, վստահ է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ: Ըստ նրա, Արևմուտքը ժամանակ է տվել Ադրբեջանի կառավարությանը քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, այդ ժամանակն արդեն սպառվում է:
«Ադրբեջանական կառավարությանը ժամանակ են տվել հետապնդումները կասեցնելու ու քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Ժամանակը սպառվում է, սակայն կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: ՆԱՏՕ-ի հետ գործակցության ինստիտուտն արդեն նախնական տեղեկատվություն ունի պաշտոնյաների համար, որոնք պատժամիջոցների կենթարկվեն»,-ասել է Մամեդլին, հրաժարվելով ավելի մանրամասն տեղեկություններից, հայտնում է Haqqin.az-ը:
Ավելի վաղ որոշ ադրբեջանցի ակտիվիստներ մտավախություն էին հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քննադատությունից հետո Ադրբեջանի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Clinton Global Initiative միջոցառման ընթացքում ելույթի ժամանակ քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը:Ինչպես ասվում է ԱՄՆ նախագահի կայքում, Օբաման հիշատակել է Ադրբեջանը հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակման համատեքստում: «Ռուսաստանից մինչև Չինաստան ու Վենեսուելա մենք տեսնում ենք այլախոհության ճնշում: Ադրբեջանի պես վայրերում նույնիսկ օրենքներն են խոչընդոտում ՈԿԿ-ների գործունեությանը: Հունգարիայից մինչև Եգիպտոս անհամար են քաղաքացիական հասարակությունը սանձելու, ահաբեկելու կամ ճնշելու փորձերը»,- ասել է նա:
Դեռ մինչ Օբամայի հայտարարությունը միջազգային հանրությունն արդեն իր վերաբերմունքը հայտնել էր Ադրբեջանի ՈԿԿ խնդիրների վերաբերյալ և քննադատել էր իրավիճակը Եվրախորհրդարանում և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում:
Սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը փաստաթուղթ է ընդունել, որտեղ ասվում է, որ Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում: Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը:
2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:
Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:
Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:






