Եվրամիությունը չեղյալ է հայտարարել Իրանի խոշորագուն NITC տանկերային ընկերության դեմ պատժամիջոցները:Ինչպես հայտնում է Reuters-ը, ԵՄ-ն չի բողոքարկել ընդհանուր իրավասության Եվրոպական դատարանի` պատժամիջոցներից հրաժարվելու մասին որոշումը:
«Ուրախ կլինենք, եթե պատժամիջոցները վերացնեն: Լավ հարաբերությունների մեջ ենք ԵՄ մեր գործընկերների հետ, մենք դրանք վերականգնելու ենք, հուսով ենք, որ բարդ շրջանն ավարտին է մոտենում»,- հայտարարել է ընկերության ղեկավար Ալի Աքբար Սաֆարեին:
Ընկերությունը, սակայն, մնում է ԱՄՆ պատժամիջոցային ցանկում:
Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանիի իշխանության գալուն պես Թեհրանի և Արևմուտքի հարաբերություններում որոշ ջերմացում նկատվեց: 2013-ին Իրանն ու «վեցյակը» պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ վերացնելու մասին, որոնք սահմանափակում էին բանկային գործողություններն ու նավթի վաճառքը:
Դա բարենպաստ ազդեցություն ունեցավ Իրանի տնտեսության վրա: Փոխարենը իրանական իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց միջուկային քաղաքականություն վարել: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրել է նավթի արտահանումը: Նախատեսվում է, որ մինչև նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կբանակցեն բոլոր մանրամասների շուրջ ու կստորագրեն համաձայնագիրը: Իրանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելն էլ ավելի է կարևորվում ՌԴ դեմ պատժամիջոցների ֆոնի վրա:
Ռոուհանին հայտարարել էր, որ Իրանը դեռ հնարավորություն չունի այնքան ածխաջրածիններ վաճառել Եվրոպային, որ հատուցի առաքումների նվազումը Ռուսաստանից: Նա հայտարարեց նաև, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցության», սակայն միևնույն ժամանակ պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ: Իրանն աշխարհում առաջինն է գազի հետախուզված պաշարների քանակով: 2013-ին Իրանի բնական գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:






