AM
9 Հոկտեմբեր 2014 - 07:28 AMT

Ղազախստանն ու Բելառուսը միաձայն վավերացրել են ԵՏՄ մասին պայմանագիրը (թարմացված)

Բելառուսի խորհրդարանի վերին պալատը միաձայն վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ստորագրությանը, որից հետո ԵՏՄ մասին պայմանագրի վավերացումը բելառուսական կողմը կավարտի:

Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, հոկտեմբերի 9-ի նիստում ընդունել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի վավերացման մասին» օրենքը: Փաստաթուղթն ներկայացվել է նախագահի ստորագրմանը:

Եվրասիական տնտեսական միությունը շատ կարևոր նախագիծ է, որը նախատեսում է երեք խոշոր պետությունների համագործակցություն և ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում, ինտեգրման խորացում և աջակցություն ներդրումների ներգրավմանը: Ամենակարևորը՝ նախագծի իրականացումը կնպաստի մեր քաղաքացիների բարեկեցության աճին»,-հայտարարել է նիստում Ղազախստանի Սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Փաստաթուղթը գործնականում միաձայն ընդունվեց: 44 սենատորներից օրենքի օգտին քվեարկել է 43 պատգամավոր, 1-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պայմանագրի հիմք են կազմում ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի շրջանակում ձերբ բերված Ղազախստանի, Ռուսաստանի ու Բելառուսի պայմանավորվածությունները»,-հայտնել է պալատի նիստում Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը:

Ըստ նրա, ԵՏՄ մասին պայմանագրում համակարգված է ՄՄ և ԵՏՏ իրավանորմատիվային բազան: Մասնակցությունը ինտեգրացիոն միավորմանը «զգալի հնարավորություններ է բացում Ղազախստանի տնտեսության զարգացման համար, էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում առկա ներուժի իրացման համար»,-ասել է նախարարը:

Ինչպես ակնկալվում է, հոկտեմբերի 9-ին ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը կքննարկվի Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատում:

Եթե ստորին պալատը որոշի այն վավերացնել, օրինագիծը կքննարկվի վերին պալատում՝ Հանրապետության Խորհրդում, հայտնում է For-ua.com-ը:

Ավելի վաղ ասվել է, որ բելառուս պատգամավորները մտահոգություն են հայտնել ԵՏՄ պայմանագրի մի շարք դրույթների և ՌԴ մանևրի վերաբերյալ նավթային ոլորտում: Նրանք նշել են, որ ՌԴ նախատեսվող հարկային փոփոխությունները վնասներ կբերեն երկրի բյուջեին, և նշել են, որ ակնկալվող վնասները թույլ չեն տալիս խորհրդարանին սկսել 2015-ի բյուջեի մասին օրինագծի քննարկումը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեց ԵՏՄ պայմանագրի վավերացման մասին օրենքը: Մինչ այդ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ մինչ հոկտեմբերի 10-ը պատրաստ կլինի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրին:

Ենթադրվում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը կստորագրվի ԱՊՀ ու ԵՏՄ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովին: