Ռուսաստանի և Իրանի միջև տարաձայնություններ են առաջացել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հարցում: Նախագահ Հասան Ռոուհանիի խորհրդական Ալի Յունեսին իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան արգելակում է համապարփակ համաձայնության կնքումը «վեցյակի» ու Իրանի միջև:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», իրանցի քաղաքական գործիչը հրապարակավ դժգոհություն է հայտնել Իրանի հարցում Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ: «Ես այնքան էլ լավատես չեմ, բայց կողմերը ձգտում են համաձայնության, ու ամենից շատ ամերիկացիները: Իսկ ոմանք, օրինակ Ռուսաստանն ու Չինաստանը, բարեկամ են թվում, բայց ամենևին չեն ձգտում, որ բանակցությունները հաջող ավարտ ունենան»,-ասել է Յունեսին:
Իրանի նոր նախագահ Ռոուհանիի իշխանության գալուն պես հարաբերությունները Թեհրանի ու Արևմուտքի միջև ջերմացան: 2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր:
ՌԴ ԱԳՆ-ն, պատասխանելով Յունեսինն, հերքել է մեղադրանքները: «Հարցի նման ներկայացման հետ չի կարելի համաձայնվել: Բանակցությունների բոլոր փուլերում ՌԴ-ն գործել է ոչ միայն կառուցողական, այլ նաև ստեղծագործաբար է մոտեցել, ամեն կերպ նպաստելով լուծումների որոնմանը, որոնք շահավետ կլինեին բոլոր կողմեին»,-հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Կոմերսանտի» աղբյուրներից մեկը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին, ենթադրել է, որ Ալի Յունեսիի հայտարարությունը կարող է փորձ լինել դրդելու մյուս մասնակիցներին պայմանավորվածությունների ձեռքբերմանը, կամ Իրանում աճող ներքաղաքական պայքարի նշան: «Քաղաքական վերնախավի մի մասը հավանաբար կընկալի Արևմուտքի հետ համաձայնությունը որպես գործարք և ազգային շահերի դավաճանություն»: Իսկ ըստ Իրանի գծով փորձագետ Ալեքսանդր Շիշկինի, եթե պատժամիջոցների լիակատար վերացման դեպքում Իրանը վերակողմնորոշվի դեպի Արևմուտք, արևմտյան շուկա, դա կարող է բացասաբար անդրադառնալ նավթի գների և Ռուսաստանի վրա: Ընդհանուր առմամբ, Իրանը սկսում է աստիճանաբար նահանջել ռուսական կողմնորոշումից, ինչը շատ դեպքերում ստիպված էր անել:
Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ:
Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից:






