AM
10 June 2006 - 09:19 AMT

«ԱրմենՏելի» բաժնետոմսերի ձեռքբերման մրցույթի արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 20-ից հետո

Խոշորագույն ռուսաստանյան հեռահաղորդակցային ընկերությունները` «Սիստեմա» ԲՖԿ-ն, «Ռոստելեկոմը» եւ «Վիմպելկոմը» այս շաբաթ մասնակցել են Հայաստանի բջջային եւ անշարժ կապի խոշորագույն օպերատոր «ԱրմենՏելի» բաժնետոմսերի ձեռքբերման մրցույթի մեկնարկին: Նրանց հետ կմրցեն ընկերություններ հինգ երկրներից, առավել լուրջ մրցակիցներ են համարվում Քուվեյթի ՇՀՑ-ն եւ Etisalat-ը Արաբական Էմիրություններից: Չնայած մասնակիցների ազդեցիկ կազմին, փորձագետները համարում են, որ ռուսական ընկերություններն իրական շանս ունեն պատմության մեջ առաջին անգամ հաղթելու հեռահաղորդակցային ակտիվների համար միջազգային մրցույթում, գրում է «Կոմերսանտ» թերթը: «Այս շաբաթ ավարտվել է հայտերի ընդունումը սակարկություններին մասնակցելու ցանկացողներից: Ըստ «Կոմերսանտի» տեղեկությունների, առաջնային առաջարկները «ԱրմենՏելի» գնման մասին ներկայացրել են ռուսական «Սիստեմա» ԲՖԿ-ն, «Ռոստելեկոմը» եւ «Վիմպելկոմը», Քուվեյթի ՇՀՑ-ի օպերատոր Kuwait-ը, հայկական «Սիլ գրուպ» կոնցեռնը անհայտ օտարերկրյա ներդնողի հետ համագործակցությամբ, բելգիական Belgacom օպերատորը, հունգարական PanTel օպերատորը, Etisalat-ը Միացյալ Արաբական Էմիրություններից: Բացի այդ, հաղորդագրություններ են հատյնվել, թե բացի «Վիմպելկոմից» մրցույթին մասնակցում է նաեւ Altimo ընկերությունը, որը կառավարում է «Ալֆա-գրուպի» հեռահաղորդակցային բիզնեսը եւ որին պատկանում է «Վիմպելկոմի» բաժնետոմսերի 32,9 տոկոսը: Սակայն Altimo-ի փոխնախագահ Կիրիլ Բաբաեւը հերքեց այդ տեղեկատվությունը:

«ԱրմենՏելի» ներկայիս սեփականատեր հունական OTE կորպորացիան հայտարարեց բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառելու մտադրության մասին 2006 թվականի ապրիլին: Օպերատորը սպասարկում է 595 հազար բաժանորդի (այսինքն երկրում առկա ֆիքսված համարների բոլոր սեփականատերերին), վերահսկում է բջջային շուկայի կեսից ավելին, սպասարկելով շուրջ 50 հազար բաժանորդի: «ԱրմենՏելի» 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: 2005 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 110 մլն եվրո: Հայկական ակտիվներից հրաժարվելու OTE-ի ցանկության պատճառը նրա տարաձայնություններն են Հայաստանի կառավարության հետ գործարարության հարցում: Երկրի իշխանությունները կտրականապես դեմ էին րոպեավճարի կիրառմանը եւ սակագների բարձրացմանը ֆիքսված կապի բաժանորդների համար: Օրինակ, 2001 թվականի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցուցում տվեց տրանսպորտի եւ կապի նախարարին չեղյալ հայտարարել սեպտեմբերի 1-ից կիրառվող րոպեավճարը:

Հունիսի 17-ին ստացված հայտերի հիման վրա OTE-ն կկազմի այն ընկերությունների ցուցակը, որոնք դուրս կգան հաջորդ փուլ: Այնուհետեւ մնացած մասնակիցները կդիմեն եզրափակիչ հայտով: Մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 20-ից հետո: Ըստ փորձագետների, մինչ սակարկությունները «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը գնահատվում էր 100-140 մլն դոլար: Սակայն հավակնորդների լուրջ ցուցակը հուշում է, որ ակտիվների արժեքը կարողը է գերազանցվել մի քանի անգամ: Ըստ ռուս փորձագետ Ելենա Բաժենովայի, ռուսական ընկերությունները կարող են առաջարկել հայկական օպերատորի համար մինչեւ 450 մլն դոլար:
Ըստ մասնագետների, հենց ռուսական հեռահաղորդակցային ընկերություններ են մրցույթի ֆավորիտները: «Ռուսական ընկերությունները շատ ակտիվ են ամրապնդվում ԱՊՀ տարածքում, սակայն այստեղ շատ քիչ օպերատորներ են մնացել, որոնք հանվում են վաճառքի,-պարզաբանել է iKS-Consalting-ի ավագ խորհրդատու Օքսանա Պանկրատովան: -Բացի այդ, «ԱրմենՏելը» գրավիչ է նրանով, որ մինչեւ վերջերս եղել է տեղի շուկայի բջջային կապի մենաշնորհատերը, իսկ Հայաստանի ֆիքսված կապի ծառայությունները նրանից բացի ոչ ոք ներկայացնել չի կարող»: «Ռուսական ընկերությունների մրցույթը հաղթելու շանսերն առավել են, քանի որ նրանք ավելի շատ շփումներ ունեն հայկական իշխանությունների հետ, իսկ հանրապետությունում աշխատելու համար դա շատ կարեւոր է, քանի որ Հայաստանի կառավարությունը շատ կոշտ է վերահսկում հեռահաղորդակցային շուկան,-գտնում է Ելենա Բաժենովան:-Հարկ է նշել, որ մրացույթը OTE-ն հայտարարել է հենց Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո», գրում է «Կոմերսանտը»: