«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդները որոշել են Լիբիայում ֆուտբոլի մրցաշար կազմակերպել գրոհայինների համար, հայտնում է Ren TV-ն` Alfajer-ի վրա հղումով:
Մրցումները կանցնեն Դերնա քաղաքում, որն ԻՊ հսկողության տակ է: Ասվում է, որ ֆուտբոլ կխաղան տաքֆիրիստները՝ ծայրահեղական իսլամիստները, որ կռվում են Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Լիբիայում:
Մրցաշարի նախաձեռնողները ֆուտբոլի հատուկ կանոններ են մշակել, որոնք չեն հակասում շարիաթի նորմերին: Տվյալ պահին հայտնի չէ խաղերի հստակ խաղացանկը: Կազմկոմիտե կազմում են գրոհայիններ, որոնք պրոֆեսիոնալ սպորտով են զբաղվել: ԻՊ ներկայացուցիչները հուսով են, որ ֆուտբոլային մրցումները երիտասարդներին կներգրավեն ԻՊ շարքերը:
Մինչդեռ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Փարիզում բանակցությունների ժամանակ նա պայմանավորվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԻՊ դեմ պայքարում հետախուզական գործունեության ասպարեզում գործակցությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Այդ մասին Քերին հայտարարել է հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Ըստ Քերիի, Լավրովն ասել է նրան, որ այդ կազմակերպությանը կարող է միանալ մոտ 500 գրոհային Ռուսաստանից: Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին և տևել է 3 ժամ: Այն ավարտվել է առանձնազրույցով, բացի այդ, պատվիրակությունների շփումից առաջ Լավրովն ու Քերին առանձնազրույց են ունեցել նաև այդ ժամանակ: Ըստ Reuters-ի, ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, որ միջազգային կոալիցիայի նպատակն է ԻՊ լիակատար ոչնչացումը: Այդ մասին նա հայտարարել է 20 երկների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Ըստ ԱՄՆ նախագահի, հարկավոր է հասնել նրան, որ գրոհայինները այլևս սպառնալիք չլինեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային հանրության համար:
«Ես խորապես մտահոգ եմ գրոհայինների հարձակումով քրդաբնակ Կոբանի վրա: ԱՄՆ-ն կսատարի ավիահարվածներին այդ շրջանում»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Օբաման նշել է, որ ԻՊ դեմ պայքարը տևական է լինելու, և կլինեն ինչպես հաջողություններ, այնպես էլ անհաջողություններ:
Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», ԻՊ-ն հայտարարել է ստրկատիրական կարգերին վերադառնալու մասին: Ըստ ծայրահեղականների Dabiq հրապարակման, եզդի կանայք ստրուկներ են համարվում, քանի որ իրենց դավանած կրոնը «երկրպագություն է սատանային»: Ավելի վաղ ԻՊ գաղափարախոս Ալ Ադնանին զգուշացրել էր, որ ստեղծվելու են «ստրուկների շուկաներ»:
Ըստ իսլամիստների հայտարարությունների, կանանց ստրկացումը Սիրիայում ու Իրաքում համաշխարհային արշավի մաս է, որին միացել են իսլամիստ ծայրահեղականները Նիգերիայում և Ֆիլիպիններում: Արդյունքում ստրկացվել են տեղաբնակ քրիստոնյաները: Այդ ֆոնի վրա ներկայիս ստրկացումը իսլամիստները «հատուկ» են համարում: Այն դարձել է «ամենամեծ գործողությունը շարիաթում ամրագրվելուց ի վեր»,-ասվում է Dabiq-ում:
ԻՊ ծայրահեղականները վստահ են, որ ստրկական աշխատուժի օգտագործումը մահմեդական կրոնի մաս է կազմում և պատրաստ են այդ կարծիքը պաշտպանել ի դեմս բոլոր անհամամիտների: «Քանի դեռ շայտանը իր կասկածները չի ներարկել նրանց, ով թույլ է մտքով կամ սրտով, հարկավոր է հիշել, որ անհավատների ստրկացումն ու նրանց կանանց որպես հարճ ընդունելը շարիաթի հստակ օրենք է, և եթե որևէ մեկը ժխտում է այն կամ ծաղրում, նշանակում է ծաղրում է Ղուրանն ու դավանափոխ լինում»: ԻՊ-ում համարում են, որ մահմեդական իրավունքի համաձայն ստրկական աշխատանքը ավելի «ընդունելի է» ստրկուհիների համար, քանի որ արգելում է վաճառել կանանց նրանց երեխաներից առանձին: Այդ կանոնը լիովին պահպանվել է եզդի կանանց դեպքում, պնդում է Dabiq-ը:
Ասվում է, որ ստրկությունը «բարոյական» նշանակություն ունի, քանի որ, ըստ կրոնամոլների տրամաբանության, թույլ է տալիս խուսափել շնանալուց: «Շարիաթը ամուսնությանը այլընտրանք չի ճանաչում, և տղամարդը, որը չի կարող իրեն ամուսնություն թույլ տալ ազատ կնոջ հետ, հայտնվում է գայթակղությունների հորձանուտում: Մահմեդականներն աղախին են վարձում և մեղք գործում նրանց հետ, իսկ եթե նա հարճ լիներ, ամեն ինչ օրինական կլիներ»:
Ըստ իսլամիստների մեկնաբանության, ստրկության «բարոյական օգուտի» մասին է ասել Մոհամմեդ մարգարեն, որը համարում էր, թե «Ալլահը ուրախ է նրանց, ով դրախտի այգիներն է մուտք գործում ստրկության շղթաներով»: Ըստ Dabiq-ի, եզդի կանանցից շատերը, որոնք ստրկության մեջ են հայտնվել մահմեդականների մոտ, արդեն հայտարարել են, որ ցանկանում են իսլամ ընդունել:
«Իսլամիստների հրապարակման վերնագիրը՝ «Ստրկատիրության վերածնունդը դատաստանի ժամից առաջ», ցույց է տալիս, որ ըստ ծայրահեղականների, ստրկատիրությունը ևս մի կողմ, ընդ որում անսպասելի կողմ ունի:
Արմատականները հավատում են, որ ստրկատիրության վերածնունդը էսհատոլոգիական իմաստ ունի: Հիմքում Մոհամմեդ մարգարեի խոսնք է ստրկության մասին, որ համարվում է աշխարհի վերջի նշանը:
Մինչդեռ Հոլանդիայի դատախազը հավանություն է տվել բայքերների գործողություններին, որոնք միացել են քուրդ ապստամբներին, որոնք Իրաքում պայքարում են ԻՊ ծայրահեղական խմբավորման դեմ, հայտնում է ՌԻԱ Նովստի գործակալությունը France Presse-ի վրա հղումով:
Ըստ դատախազի մամուլի քարտուղար Վիմ դե Բրյուհնի, Նիդերլանդների օրենքները նախկինում արգելում էին իրենց քաղաքացիների մասնակցությունը մարտական գործողություններին այլ երկրների բանակների կազմում, սակայն այս դեպքում արգելքն այլևս չի գործում:
No surrender բայքերների շարժման նախագահ Կլաաս Օտտին պետական հեռուստաեթերում հայտարարել է, որ իր բայքերներից երեքն արդեն մեկնել են Իրաք:
No surrender-ի առաջնորդը նաև ցույց է տվել լուսանկարները, որոնք հրապարակել է սոցցանցում անդամներից մեկը, պատկերված է քուրդ դաշնակիցների հետ զինվորական համազգեստով ու Կալաշնիկովի ինքնաձիգով:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում այս տարվա ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:






