Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամն իր վերջին հոդվածում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին` Թուրքիային սահմանակից սիրիական Կոբան քաղաքը գրավել փորձող «Իսլամական պետություն» խմբավորմանը, քրդերի դիմակայությանը, թուրք-քրդական հարաբերությունների վերջին լարվածություններին, և մտավախություն հայտնել, որ Թուրքիան կարող է հայտնվել ներքաղաքական պատերազմի մեջ:
Թուրքիայում շարունակվում ենզինված բախումները քրդերի, ոստիկանների, թուրք ազգայնականների ու «Իսլամական պետության» կողմնակիցների միջև Բողոքները սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբնակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին: Քրդերը վճռական գործողություններ են ակնկալում Անկարայից՝ մասնավորապես պահանջելով, որ թուրքական կողմը զենք մատակարարի պաշարվածներին, իսկ առավել ծայրահեղականները հայտարարում են, որ անհրաժեշտ է թուրքական զորքեր մտցնել Սիրիայի տարածք:
Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում:
«Կամ ես հեռվում եմ ապրում, և այդ պատճառով չգիտեմ, թե ներսում ինչ է կատարվում, կամ էլ, ցավոք, շատ մարդիկ այս պահին չեն նկատում այն իրավիճակի բնույթը, որում հայտնվել են: Այն, ինչ տեղի է ունենում, ավելին է, քան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի թշնամանքը»,- իր հոդվածում գրում է Թաներ Աքչամը, հայտնում է Tert.am-ը:
Այս ժամանակաշրջանի դերակատարները, ըստ Թուրք հեղինակի, միայն տեղական ուժերը չեն. Վաշինգտոնը, Մոսկվան, Թեհրանը, Էր Ռիադն ու Թել Ավիվն էլ են այս փուլի անմիջական դերակատարները:
«Ցանկացած հարցում ձեր դիրքորոշումը ցույց է տալիս, թե դուք այս կենտրոնների հետ ինչպիսի հարաբերություններ եք ուզում հաստատել: Եվ հատկապես այդ պատճառով ձեր քայլերը շատ զգուշությամբ պետք է դնեք: Դրանից հետոն պարզ է: Դրանից հետոն միայն մեկ բան է որոշիչ՝ ձեր զենքերի ուժն ու այն դաշինքները, որոնց անդամակցում եք: Մնացածը դատարկ խոսքեր են:
Մարդ արարածը հող ուտող կենդանի է, և հող ուտելու համար այդ հողի վրա գտնվող մարդկանց էլ կուտի: Մերձավոր Արևելքի մեծ էթնիկ-կրոնական խմբերն էլ մեծ պետությունների հետ հող ուտելու կռվի մեջ են մտել: Եվ այս ժամանակահատվածում իրար են ուտելու:
Իսկ տարածաշրջանի արտաքին ուժերը ոչ այլ ինչ են, քան այդ ուտելու ընթացքը երկարաձգող լեշ ուտող ագռավներ:
Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը, Թեհրանը, Թել Ավիվն ու Էր Ռիադը, բոլորն էլ մարդկանց՝ միմյանց ուտելու ժամանակաշրջանում իրենց համար ամենանպաստավոր ելքն են փորձելու գտնել»,- գրում է Աքչամը՝ հավելելով, որ այս կռվում ամենաշատը վնասվելու են նրանք, որոնք ուժեղ ներքին դաշինքներ չստեղծելով` հենվելու են արտաքին ուժերի վրա:
Ըստ նրա, թուրքերը, քրդերը, սուննի և շիա արաբներն այս կռվի գլխավոր դերակատարներն են.
«Ոմանք փորձելու են պահել իրենց ձեռքում եղած հողերը, մյուսներն էլ փորձելու են ավելի ընդարձակել դրանք: Եվ արտաքին ուժերն այդ կռիվը չեն դադարեցնելու, քանի դեռ իրենց համար ճիշտ համարվող լուծումը չեն գտել: Զանգվածային սպանությունները, այդ թվում` ցեղասպանությունները բացառված չեն:
Նոր ոչինչ չկա այս կտավում: Մարդ կոչվող կենդանին անտիկ ժամանակաշրջանից ի վեր միշտ նույն ձևով է լուծում հողային հարցերը: Եվ այժմ էլ նույն կերպ է լուծելու:
Բայց այս կտավում մտահոգիչ երկու բան կա. առաջինը Թուրքիայի նախագահի հայտարարությունն է, թե «Իսլամական պետություն» խմբավորման և Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի միջև տարբերություն չկա, իսկ մյուսն էլ այն է, որ PKK-ն քրդերին փողոց է հրավիրում:
Ինձ պատերազմի դերակատարների գաղափարախոսական նախընտրությունները չեն հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է այն, թե այս հող (մարդ) ուտելու կռիվը մարդկային ամենաքիչ կորուստներով ինչպես կարող ենք ավարտել: Ի՞նչ անենք, որ մարդ կոչվող ամենամեծ կապիտալն այս տակնուվրա իրավիճակից ամենաքիչ վնասով դուրս գա:
Պատասխանը պարզ է, առնվազն պետք է միմյանց կողքին ապրող ազգերին այս պատերազմի ընթացքում չթշնամացնել: Այսինքն` այս պատերազմում թուրքերին և քրդերին միասնական տեսնել է պետք: Եթե թուրքերն ու քրդերի մի մասն իսլամիստների պատճառով Թուրքիայի քաղաքներն իրենց համար ռազմի դաշտի վերածեն, շարունակությունը պատերազմ կլինի:
Կառավարությունը Բինգյոլի դեպքերից հետո հայտարարեց, թե «մեղավորները պատժվել են»,սակայն սա իրավական պետության վերջն է և անտառային օրենքների սկիզբը: Խմբակային պատիժների ճանապարհը կարճ է:
Եթե խելամիտ շարժվեն, այս ժամանակահատվածից ամենաքիչ վնասով դուրս կգան թուրք և քուրդ ժողովուրդները, սակայն ինչո՞ւ են նրանց ներքաղաքական պատերազմի դրդում: Իրենք իրենց գերեզմաննե՞րն են փորում, թե՞ հավատում են, որ միմյանց սպանելով այս իրավիճակից ավելի լավ բանի կկարողանան հասնել:
«Իմ կողմից բռնություն գործադրելն արդար է», «նախ դու սկսեցիր» արտահայտություններն ավելի շատ սպանությունների պատճառ են դառնալու, մի՞թե դա չեն տեսնում»,- գրել է Թաներ Աքչամը՝ հավելելով, որ «այս պատերազմը հրահրողները դրա հետևանքներն էլ են կանխատեսել» արտահայտությունն այժմ ամենավախեցնողն է:
Թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ Թաներ Աքչամն առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։ Նա ծնվել է Արդահանում, թուրքական քաղաքականությամբ զբաղվել է վաղ տարիքից։ 1976-ին ձերբակալվել է՝ որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Մի տարի անց փախել է բանտից և ապաստան գտել Գերմանիայում «Միջազգային ներում» կազմակերպության հովանու ներքո։ 1988-ից սկսել է աշխատել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Այդտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության հետ առնչվող հարցերով և այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996-ին Հանովվերի համալսարանում։ 2002-ից սկսած պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում։






