AM
16 Հոկտեմբեր 2014 - 08:18 AMT

Պենտագոնը զգուշացնում է իր զինծառայողներին. Գուցե հարկ լինի «գործ ունենալ» ռուսական բանակի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, չորեքշաբթի հանդես գալով ԱՄՆ բանակի ասոցիացիայի ամենամյա ժողովում, կոչ է արել ամերիկացի զինծառայողներին պատրաստ լինել, որ գուցե հարկ լինի «գործ ունենալ» ռուսական բանակի հետ, որը, նրա խոսքով, կանգնած է «ՆԱՏՕ-ի շեմին»:

«ԱՄՆ բանակին ներկայացվող պահանջներն ավելի տարաբնույթ ու բարդ կդառնան: Ահաբեկիչների ու ապստամբների կողմից սպառնալիքը դեռ երկար կտևի, բայց մենք նաև պետք է գործ ունենանք ռեվիզիոնիստական Ռուսաստանի հետ, նրա ժամանակակից ու մարտունակ բանակի հետ, որը կանգնած է ՆԱՏՕ-ի շեմին»,-ասել է Հեյգելը:

Ըստ նրա, ներկայումս ավերիչ տեխնոլոգիաներն ու հզոր սպառազինությունը հասու են ոչ միայն պետություններին, այլ նաև «ոչ պետական սուբյեկտներին»: «Այսպես կոչված հիբրիդային պատերազմի ուրվականը գնալով հզորանում է, երբ մեր հակառակորդները կիրառում են ապստամբների մարտավարությունը, օգտագործելով լավ սպառազինված զինված ուժերն ու բարդ տեխնոլոգիաները»,-ասել է Հեյգելը:

Նա հայտնել է, որ ԱՄՆ ԶՈւ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության պատասխանատվության գոտում 80 հազար զինվոր է ծառայում, Կենտրոնական հրամանատարության գոտում՝ 40 հազար, եվս 28 հազար զինծառայող կա Եվրոպայում, ինչպես նաև հազարավորները ծառայում են Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, հավելել է Հեյգելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանը հուսով է, որ ԱՄՆ-ում կհիշեն, թե ինչով է հղի խզումը միջուկային երկրների միջև և կհրաժարվեն շանտաժի փորձերից, իր հերթին Մոսկվան պատրաստ է կառուցողական գործակցության գործընկերների հետ:

«Մեր երկրների միջև այս անկումն առաջինը չէ: Հուսվ ենք, որ գործընկերները կգիտակցեն Ռուսաստանին շանտաժի ենթարկելու անմտությունը, կհիշեն, թե ինչով է հղի խզումը միջուկային երկրների միջև ռազմավարական կայունության համար: Մենք պատրաստ ենք զարգացնել կառուցողական գործակցությունը իրավահավասարության սկզբունքով և միմյանց շահերն իրապես հաշվի առնելու պայմաններում»,-հայտարարել է Պուտինը սերբական «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում Բելգրադ այցից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, Ռուսաստանը միշտ ձգտել է բաց գործընկերային հարաբերությունների ԱՄՆ հետ, սակայն փոխարենը ստացել է տարբեր վերապահումներ ու ներքին գործերին միջամտելու փորձեր:

«Այն, ինչ կատարվում է տարեսկզբից, ավելի է վատթարացնում վիճակը: Վաշինգտոնն ակտիվորեն սատարեց Մայդանին, իսկ երբ իր դրածոները Կիևում իրենց ազգայնականությամբ իրենց դեմ տրամադրեցին Ուկրաինայի մեծ մասը ու քաղաքացիական պատերազ սանձազերծեցին, սկսեցին մեղադրել Ռուսաստանին ճգնաժամ հրահրելու մեջ»,-ասել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում իրավիճակի պատճառով: Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո ԱՄՆ-ն ու Եվրամիությունը մի շարք սահմանափակումներ են մտցրել ՌԴ տնտեսության մի շարք ընկերությունների, բանկերի ու ամբողջ ոլորտների դեմ: Պատժամիջոցների վերջին փաթեթն ընդունվեց սեպտեմբերի 12-ին: Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ և անձամբ նախագահ Օբաման է պարտադրել ԵՄ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Ինքը Օբաման սեպտեմբերի 24-ին հայտարարեց, որ «ռուսական ագրեսիան» Ուկրաինայում և նույնիսկ Եվրոպայում պետք է դասել այնպիսի վտանգների ու սպառնալիքների շարքին, ինչպիսիք են Էբոլայի տենդի տարածումն ու միջազգային ահաբեկչությունը: Ռուսաստանի ԱԳՆ-ն դա դեմագոգիա համարեց, «քարոզչական կարգախոսների հավաքածու»՝ նշելով, որ Օբաման ոչ մի փաստ կամ թիվ չի նշել և ի ցույց չի դրել այն իրողություններն ու այն ամենի ենթատեքստը, ինչ կատարվում է միջազգային ասպարեզում: