AM
4 Նոյեմբեր 2014 - 07:55 AMT

Ընտրությունները Նովոռոսիայում կարող են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների պատճառ դառնալ

ԱՄՆ-ն հրաժարվում է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում տեղի ունեցած ընտրությունները և կոչ է անում Ռուսաստանին նույնպես չճանաչել:

«Եթե Ռուսաստանը ճանաչի այսպես կոչված ընտրությունները, ապա դա միայն հետագա մեկուսացման պատճառ կդառնա»,-մեջբերում է ՌԲԿ-ն ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի խոսքը: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը նաև ողջունել է ԵՄ երկրների հայտարարությունները, որոնք հրաժարվել են ճանաչել ԴԺՀ և ԼԺՀ ընտրությունների արդյունքները:

Իր հերթին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Բերնադեթ Միխանը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ, որտեղ խոսք է գնում ընտրություններն Դոնբասում ճանաչելու Մոսկվայի պատրաստակամության վրա: Ըստ նրա, եթե դա տեղի ունենա, և Մոսկվան անտեսի Մինսկի համաձայնագիրը, նրան նոր «տնտեսական պատիժ» է սպասում:

Նոյեմբերի 2-ին Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքում անցան առաջին նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Ըստ նախնական տվյալների, Դոնեցկում ձայների մեծամասնությունը՝ 81 տոկոս է հավաքել աշխարհազորայինների գործող առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն: Լուգանսկում առաջատարն է Իգոր Պլոտնիցկին, որը վերջին շրջանում գլխավորում է Լուգանսկի աշխարհազորայիններին, մոտավորապես ձայների 63 տոկոսով:

Ավելի վաղ Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը հայտարարել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում ԵՄ-ն կվերադառնա ՌԴ հանդեպ պատժամիջոցների վերանայմանը: «Կոմերսանտը» աղբյուրների վրա հղումով հայտնել է, որ ԵՄ-ն կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, եթե ՌԴ իշխանությունները ճանաչեն նոյեմբերի 2-ի ընտրություններն ինքնահռչակ հանրապետություններում: Ռուսաստանի ԱԳՆ-ն դեռ սահմանափակվում է հայտարարությամբ, թե իշխանություններն ապստամբ շրջաններում մանդատ են ստացել տարածաշրջանում նորմալ կյանքի վերականգնման համար:

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն փորձում է վերադարձնել Դոնբասը Ազատ տնտեսական գոտու միջոցով: Ըստ BBC-ի, նախագահը հայտարարել է, որ երեքշաբթի մտադիր է Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Դոնբասում հատուկ կարգավիճակի մասին օրենքը չեղյալ հայտարարելու առաջարկը: Ըստ Պորոշենկոյի, «պսեվդոընտրությունների» անցկացումը Դոնբասում կտրուկ սրեց իրավիճակը:

«Ապակենտրոնացումը մնում է մեր արսենալում որպես Դոնբասում քաղաքական կարգավորման առանցքային տարր: Մենք պատրատ կլինենք նոր օրենք ընդունել, եթե կողմերը վերադառնան Մինսկի արձանագրության կատարմանը: Կրակի դադարեցման, բուֆերային գոտու ստեղծման, սահմանին հսկողության հաստատման և ընկալելի քայլերի դեպքում, որոնք կնշանակեին նահանջ գրոհայինների համար այսպես կոչված նոյեմբերի 2-ի ընտրությունների հարցում»,-հայտարարել է Պորոշենկոն:

2014-ի հոկտեմբերի 7-ին Մինսկում Ուկրաինայի կենտրոնական իշխանության և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները իշխանությունները համաձայնության եկան հրադադարի մասին և հակամարտող կողմերի միջև բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: