«Իսլամական պետության» գրոհայինները սպանել են սունի տոհմերի մոտ 300 անդամների Իրաքում վերջին զանգվածային սպանությունների ժամանակ:
Ինչպես հայտնում է CNN-ը Իրաքի պաշտոնյաների վրա հղումով, այս պահին հաստատված է 322 մարդու սպանություն, այդ թվում՝ կանանց և երեխաների: Սպանվածները սունիների ռազմատենչ Աբու Նիմեր տոհմի անդամներ են, որոնք դեմ են իսլամիստներին: Երկուշաբթի երեկոյան հրապարակվեց տասնյակ մարդկանց մահապատժի տեսագրությունը, հավանաբար, գերեվարվածների թվից: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ «Իսլամական պետությունը» նույնպես սունիների կազմավորում է: Փաստորեն, ահաբեկիչները ձեռք են բարձրացրել հավատակիցների վրա:
Պենտագոնի խոսնակ, ադմիրալ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել այս տեղեկատվության հավաստիությունը, սակայն չհավատալու պատճառ չկա: Վերջին հավաստագրված միջադեպը կապված էր գյուղի բնակիչների հետ՝ նրանց բռնագաղթի և հետագայում տոհմի 75 անդամների սպանություն Նիթ քաղաքի շրջակայքում:
Մինչդեռ, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հերքել է նախկինում իր անունից տարածված հաղորդագրությունը, թե իբր նա ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից Անկարայի կողմից ԻՊ ահաբեկիչներին սատարելու վերաբերյալ հայտարարության համար:
ԱՄՆ փոխնախագահը սեպտեմբերին հայտարարեց, որ ԱՄՆ դաշնակիցները տարածաշրջանում, այդ թվում Թուրքիան, այնքան էին տարված Ասադին տապալելու մոլուցքով, որ սատարում էին նույնիսկ ծայրահեղ իսլամիստներին Սիրիայում: «Նախագահ Էրդողանը, իմ հին բարեկամը, ասաց, որ ես իրավացի եմ, մենք չափից ավելի շատ մարդկանց թույլ տվեցինք հատել սահմանը, իսկ հիմա ջանում ենք փակել այն»,-հայտարարել էր Բայդենը:
Թուրքիայի հասցեին հնչած մեղադրանքներ հնչել էին նաև նախկինում. Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան սատարել է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրա» խմբավորմանը և Վաշինգտոնը ոչինչ չի արել դրան դիմակայելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները մեղադրեցին Անկարային ԻՊ ջոկատներին Սիրիա անցնելու թողտվության համար, նրանցից էժան նավթ գնելու ու սեփական տարածքում գրոհայինների համար «հանգստի բազաներ» ստեղծելու համար:
Ահաբեկիչներին սատարելու համար Թուրքիային մեղադրում են նաև քրդերը, նրանց կարծիքով Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորականների մուտքը Սիրիա, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ պայքարում քրդերի անհաջողությունների և Կոբանիի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ պատիժ է կրում թուրքական բանտում, հայտարարել է, որ Կոբանիի անկումը ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի հրադադարի կասեցման համար:
Բայդենն, ըստ CNN մեջբերող Hurriyet-ի, հայտարարել է, որ երբեք ներողություն չի խնդրել Էրդողանից: Նա միայն հայտարարել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել: «Ես նրան (Էրդողանին) վաղուց գիտեմ, մենք միասին աշխատել ենք: Ես հեռաձայնեցի նրան ու ասացի՝ ինձ այնպես չեն հասկացել»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:
Մինչդեռ «Իսլամական պետությունը» նոր դաշնակիցներ է ձեռք բերել Եգիպտոսում՝ գրոհայիններին հավատարմության երդում է տվել երկրի ամենածայրահեղական խմբավորումը՝ «Անսար բայթ Ալ Մաքդի»-ն, որը նույն «Երուսաղեմի պարտիզաններ» խմբավորումն է, հայտնում է լիբանանյան Daily Star-ը: Խմբավորման անվանումն արդեն խոսուն է, գործունեության հիմնական ճակատը Սինայի թերակղզին է. այդ փաստերը հասկանալի անհանգստություն են առաջացրել Իսրայելում, թեև Թել Ավիվը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը:






