AM
15 Նոյեմբեր 2014 - 11:29 AMT

ԵՄ առաջնորդները հայտարարում են ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավստրալական Բըրսբենում հայտարարել է, որ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը ֆինանսական ոլորտում:

«Իրավիճակը մեզ չի գոհացնում: Նոր անձանց ցանկը օրակարգում է»,-ասել է Մերկելեը, հայտնում է Gazeta.ru-ն: Ասվում է նաև, որ գագաթնաժողովի շրջանակում Մերկելը պետք է հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ ասվել է, որ ԵՄ-ն արդեն նոր միջոցներ է մշակել ՌԴ դեմ պատժամիջոցների խստացման ուղղությամբ, սակայն դրանք իրավաբանորեն ձևակերպելու համար անհրաժեշտ է ԵՄ Խորհրդի որոշումը:

Իր հերթին Եվրախորհրդի նախագահ Գերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ հարցի լուծումը կախված է Ուկրաինայի արևելքում իրավիճակի զարգացումից և թարմ գնահատականից, որը հայտնի կդառնա նոյեմբերի 17-ին: «Մոսկվան պետք է դադարեցնի զենքի առաքումներն Ուկրաինա, գրոհայինները պետք է դադարեցնեն կրակը, հակառակ դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն: Եվրոպայի ԱԳ նախարարները կհանդիպեն երկուշաբթի, գնահատելու համար իրավիճակն Ուկրաինայում և որոշում կկայացնեն թե հարկավոր է արդյոք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»,-հայտարարել է նա, գրում է «Կոմսոմոլսկայա պռավդան Ուկրաինայում»:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:

Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,3 տոկոս աճ: