Պաշտոնական Բաքվի վերջին դեմարշները, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի նախագահի դեմ քրեական գործ հարուցելը եւ այդ կապակցությամբ Ինտերպոլին դիմելը, վկայում են շփոթվածության մասին, որը տիրում է Ադրբեջանում` միջազգային ասպարեզում ԼՂՀ եւ նրա քաղաքական հեղինակության նկատելի աճի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Դե-ֆակտո» գործակալությունը, այսօր լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, պատահական չէ, որ Բաքվի վերջին դեմարշի համար առիթ հանդիսացավ ԼՂՀ ղեկավարության այցը Ֆրանսիա եւ ԱՄՆ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրներ, որտեղ ավանդաբար ուժեղ են հայկական համայնքների դիրքերը: Բաքվում չէին թաքցնում, որ այցին ուշադիր հետեւում էին այդ երկրներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները: «Ամենայն հավանականությամբ, նրանցից ստացված տեղեկատվությունը աշխարհի երկու առաջատար երկրների քաղաքացիների (եւ ոչ միայն հայազգի) Լեռնային Ղարաբաղի նկատմամաբ վերաբերմունքի մասին, ինչպես նաեւ այն նյութական եւ բարոյական աջակցության մասին, որը ստացավ ԼՂՀ-ն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հեղինակավոր հայկական համայնքների կողմից, իսկական խուճապ են առաջացրել ադրբեջանական քաղաքական վերնախավում»,- ասել է Ա. Ղուկասյանը: