Նախօրեին՝ դեկտեմբերի 2-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին քննադատել էր մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Ըստ նրա, ԱՄՆ-ին մտահոգում է, որ ադրբեջանական կառավարությունը «չի կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ի պատասխան ԱՄՆ քննադատության առաջարկել է Պետդեպարտամենտին ուշադրությունը կենտրոնացնել սեփական երկրում մարդու իրավունքների առնչվող իրավիճակին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ադրբեջանի հասցեին կանխակալ հայտարարություններով հանդես գալուց առաջ Պետդեպի ներկայացուցիչը պետք է պատասխանի համաշխարհային հանրության մտահոգությանն ԱՄՆ-ում մարդու իրավունքների վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: ՈԿԿ գործունեության վերաբերյալ մի շարք օրենքներում ուղղումներ արվեցին: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, վերջերս ամերիկյան հանրության շրջանում խորացել է դիմակայությունը, թերություններ են ի հայտ գալիս դատաիրավական համակարգում, ոստիկանության ու իրավապահ մարմինների կողմից ուժի անհամաչափ կիրառումը, աճել է բռնության մակարդակը, լուրջ խնդիրներ կան այլ ոլորտներում:
Մինչդեռ, ըստ ադրբեջանական գերատեսչության, Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը չի կարող մտավախություն առաջացնել:
«Օրենքի գերակայությունը, հիմնարար իրավունքներն ու ազատություններն ապահովվում են Ադրբեջանում սահմանադրության պահանջով, օրենքներին ու միջազգային նորմերին համահունչ: Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացումը, և արտերկրից միջամտության ու «խորհուրդների» կարիքը չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի ՄԻՊ Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին զեկույց էր ներկայացրել իր երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվել էր։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվել էր ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար:
Վերջին տարիներին տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ:
Ընթերցեք ավելին. Ադրբեջանում հերթական ընդդիմադիրն է ձերբակալվել






