AM
3 Դեկտեմբեր 2014 - 11:48 AMT

Ռուբլին թարմացրել է վատագույն ցուցանիշները

Դեկտեմբերի 3-ի առավոտյան ռուբլին թարմացրեց բացարձակ մինիմումները. Մոսկվայի ժամանակով 10:39-ին դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկով Մոսկվայի բորսայում աճեց 1 ռուբլով՝ հասնելով 54,86 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը ավելացավ 1,2 ռուբլով և կազմեց 67,9 ռուբլի:

Ընդ որում դոլարի պաշտոնական փոխարժեքը, որը սահմանել է Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 4-ի համար, աճել է 3,62 ռուբլով մինչև 54,38 ռուբլի: Եվրոյի պաշտոնական փոխարժեքն ավելացել է 4 ռուբլով՝ հասնելով 67,26 ռուբլու, գրում է «Վեդոմոստին»:

Ավելի ուշ փոխարժեքը նվազեց. Մոսկվայի ժամանակով 13:53-ի տվյալներով, դոլարի փոխարժեքը Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում կազմեց 53,59 ռուբլի, եվրոյի փոխարժեքը՝ 66,13, երկարժութային զամբյուղի արժեքը՝ 59,1 ռուբլի: Ավելի վաղ տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում հրապարակեց, ըստ որի ՌԴ տնտեսությունը ռեցեսիայի փուլ կմտնի 2015-ի առաջին եռամսյակում: Գերատեսչությունն ակնկալում է, որ դոլարի միջին տարեկան փոխարժեքը 2015-ին կլինի մոտ 49 ռուբլի:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Իսկ ընդհանուր առմամբ նոյեմբերի սկզբից դրամը արժեզրկվել է 5,8 տոկոսով: Նոյեմբերի 1-ին դրամի փոխարժեքը 411,26 դոլար էր, իսկ դեկտեմբերի 2-ին՝ 442 դրամ:

Դեկտեմբերի 3-ին բանկերում և փոխանակման կետերում մեկ դոլարի դիմաց տալիս են 437-440 դրամ: