AM
12 December 2002 - 14:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՕԳՏԻՆ

Հայաստանի «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցությունն իր թեկնածուին կառաջադրի Հայաստանի նախագահի պաշտոնում եւ նախընտրական ծրագիրը կկառուցի Ռուսաստանի հետ տնտեսական միության անհրաժեշտության վրա: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն միասնական տնտեսական տարածություն Ռուսաստանի հետ, այլ նաեւ նմանատիպ հարկային եւ մաքսային օրենսդրություններ: Հակառակ դեպքում, գտնում է կուսակցության առաջնորդը, Հայաստանը կատարյալ մեկուսացման մեջ կհայտնվի: Ընդ որում նա ավելացրել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության օրոք Ռուսաստանի հետ նման միությունն անհնարին է, քանի որ տարվող քաղաքականության մեջ նկատվում է ՆԱՏՕ-ի հետ մերձեցման միտում: