Իսրայելը ջանքեր է գործադրել, որպեսղի «վեցյակը» (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամնեը և Գերմանիան) չստորագրի Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը նոյեմբերի վերջին: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: «Մեր ձայնը և մեր մտահոգությունները առանցքային դերակատարություն ունեցան վատ գործարքի կնքումը կանխելու գործում»,-հայտարարել է Նեթանյահուն ամերիկա-իսրայելյան հարաբերություններին նվիրված համաժողովի տեսաուղերձում:
Իսրայելի կառավարության ղեկավարի տեսակետից, մերձավորարևելյան խնդիրներից ոչ մեկը չունի այն կարևորությունը, որքան ճգնաժամն Իրանի միջուկային մշակումների շուրջ: Նեթանյահուն այն բնութագրել է, որպես «միջուկային զենք ստանալու Իրանի ձգտում» և կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի հանդեպ՝ թույլ չտալու համար իրադարձությունների նման զարգացում, գրում է ՏԱՍՍ-ը:
Նույն համաժաղովում ելույթ ունեցավ նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Մեկնաբանելով Նեթանյահուի տեսաուղերձը՝ նա հայտարարեց, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են մարտավարական տարաձայնություններ ունենալ այս հարցի շուրջ, սակայն վերջնական նպատակը մեկն է՝ Իրանն առանց միջուկային զենքի, գրում է AP-ն:
Մինչդեռ Իրանն ու «վեցյակը» մտադիր են վերսկսել բանակցությունները: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ հերթական փուլը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 20-ը, հանդիպման վայրը դեռ հայտնի չէ: Ըստ Ռյաբկովի, Քեթրին Էշթոնը կշարունակի համակարգել գործընթացը որպես հատուկ խորհրդական: «Մեր կարծիքով, այդ ամենը վկայում է բանակցությունների տեմպն ու դինամիկան չկորցնելու վճռականության և արդեն իսկ պատրաստության մեծ աստիճանի հասցված գործն ավարտին հասցնելու մասին: Մենք նախկինի պես ամենայն պատասխանատվությամբ կշարունակենք մեր մասնակցությունը»,-մեջբերում է Ռյաբկովի խոսքը ՌԻԱ Նովոստի գործակալությունը:






