AM
8 Դեկտեմբեր 2014 - 07:04 AMT

Քերի. Մտադիր չենք հավերժ բանակցել Իրանի հետ

ԱՄՆ-ն ակնկալում է հանգուցալուծել Իրանի միջուկային խնդիրը 3-4 ամսում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է KorrespondenT.net-ը ՏԱՍՍ-ին հղումով: «Մտադիր չենք հավերժ բանակցել Իրանի հետ»,- ասել է Քերին:

Ըստ Քերիի, կողմերի միջև «զգալի տարաձայնությունները» պահպանվում են:

«Չգիտենք, կկարողանանք արդյոք հասնել դրված նպատակին», խոստովանել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Մինչդեռ, հայտնել է նա, վերջին շաբաթներին «վեցյակի» ու Իրանի միջև մշակվել ու քննարկվում են նոր գաղափարներ, որոնք, հավանաբար, կօգնեն հաղթահարել տարաձայնությունները:

«Մտադիր չենք 7 ամիս բանակցել»,- ասել է Քերին՝ մեկնաբանելով բանակցային գործընթացի երկարաձգումը: «Մեր նպատակը 3-4 ամիսն է, նույնիսկ ավելի քիչ, եթե դա հնարավոր լինի»,- հստակեցրել է ԱՄՆ պետքարտուղարը: Ինչպես հայտնի է, միջուկային բանակցություններն Իրանի հետ երկարացվել են մինչև հուլիս:

ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամը, ինչպես նաև Գերմանիան, պահանջում են Իրանից հրաժարվել միջուկային ծրագրից պատժամիջոցներից աստիճանաբար հրաժարվելու դիմաց:

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման ենթատեքստում: