Դեկտեմբերի 20-ին հայկական ավիափոխադրող Air Armenia ավիաընկերությունն ամենայն հավանականությամբ կվերսկսի ուղևորափոխադրումները: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ընկերության մարքեթինգի մենեջեր Սիրական Համբարձումյանը` հավելելով, որ մանրամասները կհայտնեն հաջորդ շաբաթ լրագրողների հատ հանդիպմանը: Ինչ վերաբերում է տոմսերի վաճառքին, ապա ըստ Համբարձումյանի, այն երբեք էլ չի դադարել:
Իսկ «Հայկական ժամանակն» էլ գրում է, որ շուտով Air Armenia-ն կկազմակերպի չվերթներ՝ նաև նոր ուղղություններով, որոնց մասին ևս հնարավոր կլինի խոսել հաջորդ շաբաթ:
Հոկտեմբերի վերջին Air Armenia ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ժամանակավորապես դադարեցնում է ուղևորային փոխադրումները` «բարեփոխելու չվացուցակը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա»:
Ավիաընկերությունում չվերթները դադարեցնելու պատճառ էին բերում սեպտեմբերի 11-ին Ռոսաէռոնավիգացիայի տարածած հայտարարությունը, ըստ որի Air Armenia-ին սեպտեմբերի 21-ից պետք է արգելվեր չվերթները դեպի Ռուսաստան, ինչը, ըստ ընկերության հաղորդագրության, մեծ վնաս էր հասցրել և լուրջ խնդիրների պատճառ դարձել:
«Ռոսաէռոնավիգացիայի հաղորդագրության պատճառով ավիաընկերությունը մեծ ֆինանսական կորուստներ կրեց, բազմաթիվ ուղևորներ սկսեցին վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը, շատերը հրաժարվեցին հայկական ուղևորափխադրողի ծառայություններից: Արդյունքում տոմսերի վաճառքը նվազեց ավելի քան 60%-ով, Հայաստանում՝ 80%-ով»,- նշվում էր հաղորդագրության մեջ:
Ռոսաէռոնավիգացիայի հաղորդագրության համաձայն, տևական ժամանակ Պետկորպորացիան հետաձգել էր հայկական ավիափոխադրողի համար ՌԴ տարածքում աէրոնավիգացիոն սպասարկման համար վարձի գանձումը: Չնայած, որ Air Armenia-ին բոլոր հնարավորությունները տրվել էին պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ է չձեռնարկել պարտքային բեռը թեթևացնելու համար: Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է մոտ 400.000 դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700.000 դոլար: Ավելի ուշ ավիաընկերության ներկայացուցիչը պարզաբանել էր, թե Ռոսավիացիայի հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է և չվացուցակի վրա որևէ կերպ չի անդրադառնա: