Ինչպես հայտարարել է «Գազպրոմ» ընկերության բաժնետերերի տարեկան հավաքում ունեցած իր ելույթում ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը, «Գազպրոմը» մտադիր է ձեռք բերել կառուցվող Իրան-Հայաստան գազամուղը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի ձեռք բերումը կապված է դեպի Հայաստան գազի առաքումների հուսալիությունն ավելացնելու անհրաժեշտության հետ, քանի որ Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման հետ կապված իրավիճակն անկայուն է: Վրաստանը, գտնում է Ռյազանովը, թույլ է տալիս իրեն գազի չարտոնված քանակ յուրացնել: Գազամուղը նախատեսվում է շահագործման հանձնել 2007 թվականին, գազի տեղափոխման նրա հզորությունը կկազմի տարեկան 1,2 միլիարդ խմ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: