AM
26 Դեկտեմբեր 2014 - 07:20 AMT

Ադրբեջանը կարող է ևս կես միլիարդ դոլար կորցնել էժան նավթի պատճառով

Ադրբեջանի Պետական նավթային ընկերության փոխնախագահ Սուլեյման Գասիմովն անդրադարձել է նավթի համաշխարհային գների նվազմանը:

«Եթե եկող տարի ևս նավթը համաշխարհային շուկայում արժենա մոտ 60 դոլար մեկ բարելի դիմաց, ընկերության վնասը կկազմի 400 մլն մանաթ (մոտ 510 մլն դոլար)՝ սա մեծ գումար է, բայց ոչ վտանգավոր: Վնասը կփոխհատուցի Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամը»,-ասել է նա, գրում է Vesti.az-ը:

Ավելի վաղ միլի մեջլիսի պատգամավոր, էկոնոմիկայի խորհրդարանական հանձնախմբի անդամ Վահիդ Ահմեդովը հայտարարել էր, որ նավթի գնի յուրաքանչյուր նվազում 10 դոլարով պակասեցնում է պետբյուջեի եկամուտը 328մլն դոլարով կամ մոտ 256 մլն մանաթով: Նավթի գների այս նվազման պայմաններում երկրի բյուջեն կորցնում է «ընդամենը» 2 մլրդ մանաթ՝ մոտ 2.56 մլրդ դոլար:

Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամին է պատկանում նավթի վաճառքից ստացվող հիմնական շահույթը, նրա հաշվին է իրականացվում բազմաթիվ նախագծերի ֆինանսավորումն ու ենթակառուցվածքների ստեղծումը: Երկրի բյուջեի 50 տոկոսը ձևավորվում է հիմնադրամի մուտքերի շնորհիվ, 20 տոկոսը՝ նավթագազային ոլորտում գործող այլ ընկերություններից հավաքված հարկերի շնորհիվ: Նավթի էժանացման պատճառով արդեն 2014-ին Ադրբեջանը չի ստացել 3,1 մլրդ դոլար, հայտարարել է Eurasianet-ին տնտեսագետ Սամիր Ալիևը: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ղեկավար Ջամալա Ալիևան հայտարարել է, որ հիմնադրամը կարող է խնդիրներ ունենալ, «սակայն նման հարց կարող է առաջանալ միայն 2015-ի կեսին: Կոնկրետ թվեր նա չի նշել:

Նավթի համաշխարհային գների անկումը Ադրբեջանի միակ խնդիրը չէ: Նավթի արդյունահանումն Ադրբեջանում British Petroleum-ի կողմից կառավարվող հանքերում 2015-ից սկսած կնվազի տարեկան 2,5 տոկոսով: 2009-ից սկսած նավթի արդյունահանումն Ադրբեջանի գլխավոր հանքավայրում չի համապատասխանում ակնկալվող ծավալներին, որոնք նախատեսվում էին «դարի պայմանագիրը» (Ազերի-Չիրագ-Գյունեշվլի հանքավայրի գործարկում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցում) ստորագրելիս: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի փոխարեն արդյունահանվել է 40,3մլն տոննա, 2010-ին՝ 40,6 մլն տոննա 42,1 մլն տոննայի փոխարեն, 2011-ին 36 մլն տոննա նախատեսված 40,2 մլն տոննայի փոխարեն: 2012 թ. անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-2014 թթ. անկման միտումը շարունակվեց՝ բացասաբար ազդելով Ադրբեջանում նավթի արդյունահանման վրա ընդհանուր առմամբ: 2012-ին նավթի արդյունահանումը Ադրբեջանում նվազել է 5,3 տոկոսով՝ մինչև 42, 9 մլն տոննա, 2013-ին նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ արդյունահանումը հաջողվեց հասցնել 43,48 մլն տոննայի: 2014-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում արդյունահանվել է 32,1 մլն տոննա նավթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,8 մլն տոննայի դիմաց:

Ընթերցեք նաև. British Pertoleum-ը զանգվածային կրճատումներ է սկսում Ադրբեջանում