AM
29 Դեկտեմբեր 2014 - 07:28 AMT

ՆԱՏՕ-ում չեն բացառում «Պուտինի տապալումը ՌԴ նախագահի պաշտոնից»

ՆԱՏՕ-ում չեն բացառում, որ Վլադիմիր Պուտինին կարող են տապալել ՌԴ նախագահի պաշտոնից: Բարձրաստիճան փորձագետներն արդեն մշակում են «հետպուտինյան» դարաշրջանի զարգացման սցենարները: Այսպիսի տեղեկություններ է հրապարակել գերմանական Bild-ը:

Արևմտյան փորձագետները կարծում են, որ պատժամիջոցների և եկամուտների նվազման պատճառով ճնշումը Պուտինի հանդեպ հզոր օլիգարխների կողմից 2015-ին այնքան կուժգնանա, որ նա ուղղակի ստիպված կլինի հեռանալ, գրում է Bild-ը: Միանգամայն նոր միջոցների անհրաժեշտություն կառաջանա, որը պարբերականը անվանում է «վերբեռնում հանուն Ռուսաստանի փրկության»:

Ըստ Bild-ի, Պուտինի տապալման հավանականությունը չեն բացառում նաև Գերմանիայի կառավարական շրջանակներում: Մասնավորապես, թերթը հղում է կատարում Բունդեսթագում Քրիստոնյա դեմոկրատների և սոցիալ դեմոկրատների խմբակցության արտաքին քաղաքականության գծով փորձագետ Կառլ Գեորգ Վելմանի հետ հարցազրույցում հայտնած կարծիքին, որը համարում է, որ տնտեսական և հասարակական ճգնաժամը Ռուսաստանում մեծ վտանգ է ներկայացնում Պուտինի շրջապատի համար:

Ըստ արևմտյան փորձագետների կանխատեսումների, արդեն 2015-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 4,5 տոկոսով, նշում է թերթը, հայտնում է DW-ն:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարեց, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի ՌԴ և դաշինքի հարաբերությունների ամբողջական խզման: Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք ներկայացրեց Գերագույն ռադայի քննարկմանը երկրի արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին: Արդեն դեկտեմբերի 23-ին խորհրդարանը հավանություն տվեց առաջարկին: Հիմնավորման մեջ ասվում էր, որ «դա թույլ կտա ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության ու անկախության պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել»:

«Արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու մասին Ուկրաինայի խորհրդարանի որոշումը չի սպառնում ՌԴ անվտանգությանը, քանի որ դա քաղաքական որոշում է, սակայն եթե այն հետագայում ռազմական իմաստ ստանա (անդամակցում ՆԱՏՕ-ին), ապա մենք համարժեք կգործենք: Այդ դեպքում ՆԱՏՕ-ի հետ ամբողջական խզում կլինի, որը վերականգնել հնարավոր չի լինի»,-ասել է Անտոնովը:

Անդրադառնալով ՌԴ և ՆԱՏՕ-ի այսօրվա հարաբերություններին՝ Անտոնովը նշել է, որ այժմ միջազգային ռազմական գործակցությունը դադարեցված է: Սակայն գերատեսչությունում այդ փաստին հանգիստ են վերաբերվում, հավելել է նա: Ըստ նրա, Ռուսաստանի գործընկերները դադարեցրել են այն նախագծերի իրականացումը, որտեղ վերջին տարիներին դրական արդյունքներ են գրանցվել: «Դա պայքարն է ծովահենության, ահաբեկչության դեմ, անվտանգությունն Աֆղանստանում ու հարակից տարածաշրջանում: Դադարեցվել է օդային տարածքում գործակցության նախաձեռնությունը, որի շրջանակում ձևավորվել էին օդային ահաբեկչությանն արձագանքելու մեխանիզմներ»:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները դեռ 2014-ի ապրիլի 1-ին որոշեցին կասեցնել քաղաքացիական և ռազմական գործակցությունը Ռուսաստանի հետ՝ պահպանելով միայն քաղաքական երկխոսությունը: Սեպտեմբերին Նյուպորտում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները համոզվածություն հայտնեցին, որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում: