AM
29 Դեկտեմբեր 2014 - 09:57 AMT

Ռուսաստանի տնտեսությունը վերջին 5 տարում առաջին անգամ վնասով է ավարտում տարին

Ռուսաստանի ՀՆԱ-ն նոյեմբերին 2009-ի հոկտեմբերից առաջին անգամ բացասական ցուցանիշներ է արձանագրում՝ նվազելով 0,5 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես հայտնում է «Վեդոմոստին» ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալների վրա հղումով, ընդհանուր առմամբ հունվար-նոյեմբերին երկրի ՀՆԱ-ն աճել է 0,6 տոկոսով: Եթե բացառենք սեզոնային և օրացուցային գործոնները, ապա երկրի ՀՆԱ-ն նոյեմբերին նվազել է 0,2 տոկոսով հոկտեմբերի 0,1 տոկոս աճից հետո:

«Նոյեմբերին ՀՆԱ դինամիկայի վրա բացասական ազդեցություն ունեցան վերամշակող արտադրությունները, շինարարությունը, վճարովի ծառայություններն ու սննդամթերքի ու ներկրման մաքուր հարկերը: Դրական ավանդ տնտեսական աճի համար ունեցան արդյունահանող ոլորտները, էլեկտրաէներգետիկայի, գազի ու ջրի, մանրածախ առևտրի ոլորտը»,-նշում է գերատեսչությունը: Շարունակվել է նաև շինարարության, մեծածախ առևտրի ու գյուղատնտեսության ցուցանիշների նվազման միտումը, գրում է գերատեսչությունը:

Ըստ ֆինանսների նախարարության, էներգակիրների գների անկումն ու արևմտյան երկրներից ներկրման նվազումը կկազմեն ՌԴ ՀՆԱ 4 տոկոսը, որից 2 տոկոսը կլինի պատժամիջոցների արժեքը: Ըդնհանուր առմամբ, ըստ ԱՄՀ, 2014-ին ակնկալվում է ՌԴ էկոնոմիկայի աճ ընդամենը 0,2 տոկոսով, 2015-ին՝ կանխատեսվում է լճացում:

Պատժամիջոցների, նավթի գների անկման ու կապիտալի արտահոսքի հետևանքով 2014-ի կեսից արժեզրկվում է ռուսական ռուբլին: Դոլարի փոխարժեքը վերջին տարում աճել է ավելի քան 60 տոկոսով՝ 33 ռուբլուց հասնելով 52-55 ռուբլու, ընդ որում դեկտեմբերի 15-ին ռուբլին կտրուկ արժեզրկվեց՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 75 ռուբլի ցուցանիշին: Եվրոն գերազանցեց 100 ռուբլու շեմը: ՌԴ բանկը որպես ծայրահեղ միջոց ստիպված եղավ բարձրացնել առանցքային տոկոսադրույքը մինչև 17 տոկոս, 10,5 տոկոսից, որից հետո ռուսական փոխարժեքը մի փոք կայունացավ ու վերադարձավ մեկ դոլարի դիմաց 52-55 ռուբլի միջակայքին: