AM
11 Փետրվար 2015 - 08:03 AMT

Պուտինն ու Օբաման քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան կողմի նախաձեռնությամբ քննարկել են իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ուշադրության կենտրոնում իրավիճակն էր Ուկրաինայում և այդ երկրում սուր ճգնաժամի կարգավորմանն ուղղված խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը գնահատական է տվել Ուկրիանայում հարավ-արևելքում ստեղծված իրավիճակին, շեշտը դնելով ՌԴ վերջին առաջարկների վրա, մասնավորապես, փետրվարի 11-ին Մինսկում կայանալիք «նորմանդական քառյակի» բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստական աշխատանքներին»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Փետրվարի 10-ին Մինսկում տեղի ունեցավ Ուկրաինայի գծով շփման խմբի նիստը, որից կախված էր Բելառուսի մայրաքաղաքում նախատեսվող «նորմանդական քառյակի» (ՌԴ, Գերմանիա, Ֆրասնսիա, Ուկրաինա) հանդիպումը: Հարկավոր էր համաձայնեցնել մի շարք սկզբունքային հարցեր, իսկ բովանդակային մասը պետք է ապահովի շփման խմբի աշխատանքը:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

Մինչդեռ մարտական գործողությունները Դոնբասում նոր թափ են առել այն բանից հետո, երբ ուկրաինացի ուժայինները, օգտվելով հրադադարից և ուժեր կուտակելով հարավ-արևելքում, սկսեցին գրոհել աշխարհազորայինների դիրքերը: Ուկրաինայի Գլխավոր շտաբում հայտարարեցին, որ «ուկրաինական բանակը բավարար ուժ ու միջոցներ ունի վերջնական հարված հասցնելու համար»: Ընդ որում Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն խոստովանեց, որ երկրի տարածքում ռուսական բանակի ստորաբաժանումներ չկան:

Ուժայինների և աշխարհազորայինների դիմակայության ամենաթեժ կետերից մեկը Դեբալցևոն է, որտեղ շրջափակման մեջ է հայտնվել ուկրաինացի զինվորականների խոշոր խմբավորում:

Փետրվարի 5-ին Կիևում տեղի ունեցան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանակցությունները ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այնտեղից Մերկելն ու Օլանդը մեկնեցին Մոսկվա, որտեղ քննարկեցին ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու դեպքում էլ բանակցություններն անցել են մամուլի համար փակ դռների ետևում, իսկ հանդիպման ավարտին մասնակիցները հայտարարություններ չեն արել: