Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը, հուսադրված լինելով Մինսկի համաձայնություններով, կվերսկսի եռակողմ բանակցությունները գազի վերաբերյալ, հայտնում է Ինտերֆաքսը:
«Մասնավորապես, այն նպատակով, որ 2015-ի ձմռանը մենք այլևս նույն խնդիրները չունենանք, ինչ նախորդ տարիներին: Բանակցությունները կվերսկսվեն անհապաղ»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Ըստ Յունկերի, Եվրահանձնաժողովը նաև զգուշավորությամբ մոտենում է առևտրի ոլորտում Եվրասիական ընկերակցության հետ ԵՄ գործակցության բարդ թեմային:
«Դա կլինի հիմնարար հետազոտություն, որը մենք կներկայացնենք, երբ դրա համար պատեհ առիթ լինի»,-փոխանցում է Ինտերֆաքսը Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքը:
Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրահանձնաժողովը 5-ամսյա բանակցությունների արդյունքում 2014-ի հոկտեմբերին պարտավորեցնող արձանագրություն են ստորագրել մինչև 2015-ի մարտի ավարտն Ուկրաինային գազի առաքումների պայմանների վերաբերյալ:
Փաստաթուղթը ուրվագծում է այն շրջանակները, որոնք կապահովեն ռուսական ագզի առաքումն այն ծավալով, որն անհրաժեշտ է ձմռան ամիսներին Ուկրաինայի ներքին պահանջարկը բավարարելու համար:
Բանակցությունների արդյունքում ռուսական գազի գինն Ուկրաինայի համար 2014-ի վերջին եռամսյակում հաստատվեց $378 մեկ հազար խմ դիմաց: 2015-ի առաջին եռամսյակում այն կկազմի 365 դոլար: Գինը ձևավորվելու է ըստ պայմանագրի գործող բանաձևի, հաշվի առնելով 100 դոլարի զեղչը ՌԴ կառավարության կողմից մաքսատուրքից հրաժարվելուց հետո:
Այժմ ընկերությունը սպասում է Ստոկհոլմի վերաքննիչ դատարանի որոշմանը, որը քննարկում է ընկերությունների պատասխան հայցերը: Հայցով պահանջվում էր ռուսական կողմից գանձել գազի համար վճարված հավելավճարը: Ըստ ուկրաինական «Նավթոգազի», այդ գումարը հասնում է 6 մլրդ դոլարի: «Գազպրոմը» պահանջում է ուկրաինական գործակալությունից վճարել գազի դիմաց կուտակված 4,5 մլրդ դոլար պարտքը:






