AM
7 Մարտ 2015 - 09:15 AMT

Արքայազն Չարլզը ապրիլի 24-ին կլինի Թուրքիայում

Ապրիլի 24-ին Թուրքիայում Դարդանելի (Գալիպոլի, Դարդանելի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված պետականորեն կազմակերպված տոնակատարություններին մասնակցելու համար Թուրքիա կմեկնեն Անգլիայի թագաժառանք արքայազն Չարլզը և նրա որդին՝ արքայազն Հարրին, հայտնում է Panoram.am-ը թուրքական «Հյուրիյեթ»-ի վրա հղումով:

Իսկ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ամուսնու` Էդինբուրգի դուքսի և թոռան՝ արքայազն Ուիլյամի ուղեկցությամբ կմասնակցի Գալիպոլիի ռազմագործողությունների 100-ամյակին նվիրված արարողությանը:

Թուրքիայում գործող 5 հասարակական կազմակերպություն համաշխարհային առաջնորդներին կոչ էին արել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը չընդունել Էրդողանի հրավերը, այլ փոխարենը գալ Երևան:

Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր «Զաման» պարբերականը գրել էր, որ Թուրքիայում Չանաքքալեի (Գալիպոլի) հաղթանակի հարյուրամյակի առթիվ ակնկալվող լայնամասշտաբ միջոցառումները հայտնվել են փակուղում: «Չանաքքալեի հաղթանակի 100 ամյակի առթիվ մեծ տոնակատարությունների սպասելիքները հիասթափության են վերածվել: Չանաքքալեի քաղաքապետ Ուլգյուր Գյոքհանը տեղեկացրել է, որ 100-ամյակի միջոցառումների նախապատրաստությունները լավ չեն ընթանում: Ըստ քաղաքապետի` ստեղծվել է տարածքային հանձնաժողով, բայց ոչ համապատասխան բյուջե կա, ոչ էլ անձնակազմ: Քաղաքապետարանը փորձում է իր հնարավորությունների սահմաններում 100 ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել, բայց դրանք բավարար չեն»:

Թուրքական Today's Zaman պարբերականն իր հերթին գրեց, իբր Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ին նախատեսված Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները։

Ըստ պարբերականի, միջոցառումները չեղյալ են հայտարարվել, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են ապրիլի 24-ին այցելել Անկարա` նույն օրը Երևանում հիշատակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատճառով։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երևանյան միջոցառումների վրա։ Հրավերն ուղարկվել էր 100 բարձրաստիճան պաշտոնյաի, ներառյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հրավիրված երկրներից միայն հինգն են համաձայնել և հաստատել իրենց մասնակցությունը՝ այն էլ ոչ նախագահի մակարդակով, գրել էր պարբերականը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով:

Սերժ Սարգսյանի պատասխան նամակումմ մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: