AM
9 Մարտ 2015 - 09:14 AMT

Եվրախորհրդի ղեկավարը ՌԴ դեմ նոր պատժամիջոցների համաձայնեցման բարդությունների մասին

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այժմ «անհնար է» հասնել միասնության ԵՄ անդամ երկրների միջև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում:

Ըստ Տուսկի, «որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ պատրաստ են հավատալ, որ շանս կա, որ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանը բարի կամք կդրսևորեն», գրում է ՌԲԿ-ն:

Ըստ Եվրախորհրդի ղեկավարի, նա «ավելի հոռետես է» այդ հարցում: Այդ մասին Տուսկը հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ իր այցի շեմին:

Ինչպես կարծում է Տուսկը, այժմ անհրաժեշտ է «մշտական ջանքեր» գործադրել Եվրոպայի առաջնորդներին պառակտելու Ռուսաստանի ջանքերին դիմակայելու համար:

Եվրամիության ղեկավարը նշել է նաև, որ մտավախություն ունի, որ Ռուսաստանը «օգտագործելով ռազմական ու տնտեսական գործիքներ, ձգտում է հսկողության տակ առնել ամբողջ Ուկրաինան»: Անդրադառնալով ԵՄ երկրների միջև Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների հարցում համաձայնության հասնելու անհնարինությանը՝ Տուսկը հայտարարել է, որ «շատ բարդ է փոխզիջման հասնել 28 երկրների, ընդ որում, ժողովրդավարական պետությունների, միջև»:

Ինչպես ասել է Եվրախորհրդի ղեկավարը, ՌԴ դեմ պատժամիջոցներից շատերը «ավելի հեռուն են գնում, քան դա կցանկանային ԵՄ որոշ երկրների իշխանությունները»:

Տուսկը նշել է, որ իրեն մտահոգում է այն փաստը, որ որոշ եվրոպացիներ հիմա կարող են «մտորել հնարավոր հակամարտության կամ պատերազմի մասին»: Ըստ Տուսկի, այժմ դա անընդունելի է, դա անպաշտպան է դարձնում Եվրոպան Ռուսաստանի կամ այլ երկրների հակաժողովրդական ուժերի ագրեսիվ գործողություններից արևմտյան արժեքների պաշտպանության հարցում:

ԱՄՆ այցի ընթացքում Եվրախորհրդի ղեկավարը կհանդիպի ԱՄՆ նախագահ Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Հանդիպման հիմնական նպատակներից մեկը կլինի իրավիճակն Ուկրաինայում: Մարտի 7-ին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Ռիգայում նախարարների մեծ մասը նշեց, որ ԵՄ-ն պետք է խստացնի պատժամիջոցները, եթե Դոնբասում հրադադարի խախտման լուրջ դեպքեր լինեն:

Միևնույն ժամանակ ԱԳ որոշ նախարարներ, մասնավորապես Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին և Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարեցին, որ ՌԴ դեմ նոր պատժամիջոցների կարիք չկա:

Ինչպես նշում է Reuters-ը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում ԵՄ երկրների դիրքորոշումներում պառակտում է նկատվում: Առավել կոշտ դիրքորոշում ունեն Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Բալթիայի երկրները: Իտալիան, Ավստրիան, Կիպրոսն ու Հունաստանը հոռետեսորեն են տրամադրված Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների հարցում: Երկարացնելու համար 2014-ի ամռանը ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը, հարկավոր է ԵՄ բոլոր 28 երկրների միաձայն որոշումը: