Վերջին օրերին կրկին շրջանառվում է Եվրասիական տնտեսական միությունը «միասնական արժույթի» բաղադրիչով համալրելու հեռանկարների հարցը: ԵՏՄ երկրների միջև արժութային միության ստեղծման ռազմավարություն մշակելու ՌԴ նախագահի կարգադրությունից հետո առանձին փորձագետներ շտապեցին կանխատեսել միասնական արժույթի ներմուծում արդեն 2016-ի հունվարի 1-ից, գրում է Nasledie.ru-ն:
Զարմանալի չէ, որ ինտեգրման հեռանկարներն արժույթի ոլորտում կենտրոնական թեմա դարձան առանձին բաժնում ԱՊՀ Տնտեսական համաժողովի շրջանակում, որն անցած շաբաթ տեղի ունեցավ Մոսկվայում:
Պատահականություն է, թե ոչ, սակայն առանձին քննարկմանը նախորդեց մի իրադարձություն, որի մասին ԶԼՄ-ները հայտնել էին նախօրեին, ասվում է հրապարակման մեջ:
ԱՊՀ Տնտեսական համաժողովի բացումից մի օր առաջՌԴ նախագահ Պուտինը հանձնարարեց մշակել ԵՏՄ-ում արժութային միության ստեղծման հնարավորությունը: Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծիք է հայտնել «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը:
Դա բանավեճերի առիթ տվեց ամենատարբեր շրջանակներում: Մասնավորապես, ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ Թիմուր Սուլեյմանովը երկու տեսակետ հայտնեց. որպես պաշտոնյա և որպես տնտեսագետ:
«Եթե մենք խոսում ենք ԿԲ-ին ու կառավարությանը Պուտինի հանձնարարության մասին ԵՏՄ միասնական արժույթ մշակելու վերաբերյալ, ապա ես, որպես պաշտոնյա, դա միանգամայն նորմալ եմ գնահատում: Ավելին, դա բխում է երկարաժամկետ ու միջնաժամկետ պլանավորումից: Եվ, անշուշտ, մենք ԵՏՀ-ում չենք կարող չնկատել, որ նման հանձնարարականներ են տրվում, առավել ևս, անտեսել այդ փաստը: Մեր ռուսաստանցի գործընկերների հետ մենք պատրաստ ենք մշակել ցանկացած առաջարկ այդ ուղղությամբ»,-ասել է ԵՏՀ նախարարը:
Նա համամիտ է եղել այն կարծիքին, որ ԵՏՄ շրջանակում արժութային միությունն առաջին հերթին հեռանկարի հարց է, երկրորդը՝ գործընթաց է, որտեղ շտապողականություն չպետք է լինի: Հիմնավորելով այս տեսակետը, ԵՏՀ նախարարն անդրադարձել է արդեն առկա եվրասիական փորձին, ինչպես նաև Եվրամիության ու եվրոյի գոտու ձևավորման փորձին:
«Մենք չէինք փորձում ծառայությունների, աշխատուժի ու կապիտալի շարժի միասնական շուկա ստեղծել, երբ գործի դրվեց Մաքսային միությունը, քանի որ գիտեինք. դա ուղղակի անհնար է: Մենք չորս տարի տվեցինք ՄՄ-ին և միայն հիմա ենք ապահովել այդ ազատությունները: Նույն կերպ է պետք գործել արժույթի դեպքում: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները, ներդրումների ու ծառայությունների ընդհանուր շուկաները: Եվ միայն երբ հասկանանք, որ կոնկրետ տնտեսական, ռացիոնալ ու պրագմատիկ արդյունքների համար անհրաժեշտ է միասնական արժույթը, նման որոշում պետք է կայացվի»,-ասել է Սուլեյմենովը:
Ըստ նրա, այս փուլում միասնական արժույթի ներմուծման համար նախադրյալները բավարար չեն: «Եվրամիությունում ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտուրը, փոխադարձ ներդրումների ծավալը եվրոյի ներմուծման պահին 60 տոկոս էր կազմում: Նույնն է նաև այսօր: Մեր ցուցանիշը դեռ 11 տոկոս է: Կհասնի՞ այն 60 տոկոսի: Իհարկե, ոչ: Ելնելով մեր տնտեսությունների տարբերությունից, մեզ մոտ երբեք չի լինի, ինչպես ԵՄ-ում: Քանի որ, ՌԴ-ն առևտուր է անում Եվրամիության, Չինաստանի հետ, Ղազախստանը ևս առևտուր է անում ԵՄ և Չինաստանի հետ, մյուս երկրները՝ նմանապես: Հիմա ընդհանուր ապրանքաշրջանառությունը մեզ մոտ 60-70 մլրդ դոլար է: Ընդհանուր արտաքին առևտուրը՝ մոտ մեկ տրիլիոն է»,-ասել է ԵՀԿ նախարարը:
Նման կարծիք են հայտնել նաև «տեսաբանները»: Տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների համաշխարհային տնտեսության և միջազգային ֆինանսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Լիդիա Կրասավինան կարծում է, որ միասնական արժութային միության ձևավորումը ԵՏՄ պայմաններում՝ միֆ է, որի իրագործման համար, համապատասխան պայմանները դեռ չեն հասունացել:
Նա նշել է, որ ԵՄ-ում ճանապարհը տնտեսական ինտեգրումից դեպի արժութային միություն մոտ 30 տարի է զբաղեցրել, փորձագետը կարևորել է արժութային քաղաքականությունն անցումային շրջանում: Ըստ Կրասավինայի, Եվրամիության որոշ մշակումներ կարող են օգտակար լինել, մասնավորապես, էքյուով փոխադարձ հաշվարկների առումով:
«Շատ արդյունավետ աշխատեց եվրոպական հաշվարկային միավորը՝ էքյուն, որը եվրոյի նախորդն էր և տարիներ շարունակ օգտագործվել է ոչ միայն տարածաշրջանում: Մեր երկիրը վարկեր է ստացել էքյուով, պայմանագրեր են կնքվել, որովհետև այնտեղ գործում էր անդամ երկրների արժույթների կոմպոզիտային զամբյուղը: Իմաստ ունի միասին աշխատել ԵՏՄ միասնական արժույթի վրա: Սա նոր գաղափար չէ, այն բազմիցս է արծարծվել,նույնիսկ պաշտոնապես. այդ մասին խոսել է Ղազախստանի նախագահը»,-ասել է Կրասավինան՝ նշելով, որ հսկայական աշխատանք կա անելու:
Ըստ նրա անցումը միասնական արժույթի պետք է հիմնավորվի համապատասխան գաղափարախոսությամբ՝ շահերի հավաքական պաշտպանության գաղափարախոսությամբ: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն կարող հաշտվել եվրասիական տարածաշրջանի հարուստ ռեսուրսների շուկան կորցնելու հետ, ուստի փորձելու են «շեղել ինտեգրումը դեպի այլ կողմ», գտնում է փորձագետը:
Խնդիրը որպես եվրոպական ինտեգրման մասնագետ է գնահատել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլգա Բուտորինան:
«Արժույթի ինտեգրումը Եվրոպայում միանգամայն այլ պայմաններում է իրականացվել: Ամենամեծ տարբերություններից մեկն այն է, որ արևմտաեվրոպական երկրների տնտեսությունները, որքան էլ տուժած էին Երկրորդ համաշխարհայինից հետո, միևնույն է ամենազարգացածներն էին: Մենք աշխատում ենք միանգամայն այլ պայմաններում: Մեր տնտեսություններն անցան շուկայական հարաբերություններին 20-25 տարի առաջ, բայց չենք հասել լիարժեք զարգացած տնտեսությունների մակարդակի: ՌԴ, Ղազախստանի, ԵՏՄ մյուս երկրների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսությունները միանգամայն տարբերվում են Արևմտյան Եվրոպայի զարգացած տնտեսություններից, առավել ևս ԱՄՆ-ից, որոնք դեռ այդպիսին կմնան առաջիկա 15-20 տարում»,-ասել է Բուտորինան:
«Մենք պետք է խաղի մեր կանոնները մշակենք հետանցումային տնտեսության համար, մինչև մենք դա չանենք, ոչինչ մեզ մոտ չի ստացվի»,-հավելել է նա:
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:
Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:
ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:
Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: