AM
9 August 2006 - 12:37 AMT

Ընդհատվել է Ռուսաստան հայկական կոնյակի էքսկլյուզիվ ներկրողի լիցենզիան

Երեկ Սպառողի իրավունքների պաշտպանման հսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոռ) Մոսկվայի տարածքային վարչության պաշտոնական կայքում տեղեկություն է հայտնվել «Պ.Ռ. Ռուս» ՓԲԸ-ի մեծածախ վաճառքի լիցենզիայի դադարեցման վերաբերյալ. «Պ.Ռ. Ռուս»-ը հանդիսանում է Pernod Ricard ֆրանսիական ընկերության ռուսական դուստր ձեռնարկությունը: «Պ.Ռ. Ռուս»-ը Ռուսաստանում Երեւանի կոնյակի գործարանի արտդարանքի եւ էլի մի շարք համաշխարհային ֆիրմաների էքսկլյուզիվ ներկրողն է: Շուկայի մասնակիցներն անմիջապես խոսեցին այն մասին, որ Ռոսպոտրեբնադզոռի գործողությունները կարող է բացասաբար անդրադառնալ արտասահմանյան ալկոհոլի ներկրման ընթացքի վրա, որը հազիվ են սկսել կարգավորվել հուլիսի ճգնաժամից հետո, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Ռոսպոտրեբնադզոռի Մոսկվայի տարածքային վարչության ստուգումը անցել է հուլիսի վերջում: Ստուգումների արդյունքում, Դաշնային հարկային ծառայությունը դադարեցրել է ալկոհոլային խմիչքների սպառման լիցենզիան ինը ընկերություններում, այդ թվում եւ «Պ.Ռ. Ռուսում»: Լիցենզիայի դադարեցման ֆորմալ պատճառը «սանիտարային օրենսդրության խախտումն է»: Սակայն, շուկայի մասնակիցները հիմնական խնդիրը նրանում են տեսնում, որ «Պ.Ռ. Ռուսը» հանդիսանում է առաջնորդներից մեկը էլիտար ալկոհոլի հատվածում: «Բիզնես-Ատլանտիկա» ընկերության տվյալների համաձայն, Pernod Ricardi արտադրանքը վիսկիի շուկայում կազմում է 22 տոկոս, բրենդիի շուկայում 12,5 տոկոս, ֆրանսիաական կոնյակի շուկայում 12 տոկոս: Տեկիլայի շուկայում ընկերության բաժինը հասնում է 40 տոկոսի: Ընկերությունը վերահսկում է հայկական կոնյակի ռուսական շուկայի 55 տոկոսը: «Դա չափազանց տհաճ իրավիճակ է,- համոզված է «ԳԲ հոլդինգ վինի» ղեկավար Սերգեյ Արտեմենկոն: -Եւ այն խոսում է այն մասին, որ պաշտոնյաներն օգտագործում են արտասահմանյան ալկոհոլի շուկայում տիրող ճգնաժամը, որպեսզի շորթողականությամբ զբաղվեն նույնիսկ այնպիսի մեծ ֆիրմաներում, ինչպիսին է օրինակ Pernod Ricard-ը»:

Pernod Ricard-ի ֆրանսիական գրասենյակում չեն մեկնաբանել իրենց ռուսական ներչկայացուցչության շուրջ ծավալված իրավաիճակը: Ընկերության ռուսական ներկայացուցչությունում հայտարարել են, որ ընկերությունը լիցենզիա ունի եւ գործնեությունը շարունակվում է նախկին ռեժիմով, նշում է «Կոմերսանտը»: