Թուրքիայից ու Պակիստանից Հայաստան ներկրվող պտուղ-բանջարեղենը պարտադիր լաբորատոր հետազոտության ենթարկելու վերաբերյալ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որոշումը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է այդ կառույցի ինքնախոստովանություն, որ այսքան տարի սխալ քաղաքականություն է վարել: Նրա համոզմամբ, ցանկացած երկրից Հայաստան ներմուծվող պտուղ-բանջարեղեն պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականով 2015-ի ապրիլի 1-ից Թուրքիայից և Պակիստանից ՀՀ ներմուծվող պտուղ-բանջարեղենը սահմանված կարգով պետք է ենթարկվի լաբորատոր հետազոտության՝ ՀՀ կառավարության 2014-ի հոկտեմբերի 30-ի 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար: Թուրքիայից և Պակիստանից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, կենթարկվեն նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության: Անհամապատասխանության դեպքում բեռների ներկրումը հանրապետություն կարգելվի:
«Ծառայության այս հայտարարությունն ապացույց է, որ երկար ժամանակ ՀՀ ներկրվում է պտուղ-բանջարեղեն, որի անվտանգությունը չի ստուգվում, և սա այն դեպքում, երբ նույն ռուսական կողմը արգելում է Թուրքիայից ներմուծել պտուղ-բանջարեղեն և կա տեսակետ, որ հենց արգելված ու վտանգավոր խմբաքանակն է Հայաստան բերվում մատչելի գնով: Իսկ հիմա հարցնում եմ, ո՞վ է պատասխան տալու սխալի համար»,- ասել է ՀԿ նախագահը, գրում է Panorama.am-ը:
Հայաստանը Թուրքիայից ներմուծում է լոլիլիկ, վարունգ, կիտրոն, թուրինջ, նարինջ, նուռ, մանդարին, Պակիստանից մանդարին և այլն: Պիպոյանը հիշեցնում է, որ ազգային անվտանգության բաղադրիչներից են նաև տնտեսական ու պարենային անվտանգությունը:






