AM
6 Ապրիլ 2015 - 09:32 AMT

Հակակառավարական ցույց Բաքվում. Ալիևը ժողովրդավարություն է բեմադրում

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կազմում ներառված ընդդիմադիր ուժերը «Վե'րջ տալ թալանին» կարգախոսով հակակառավարական հանրահավաք են անցկացրել մայրաքաղաք Բաքվում, որին մասնակցել է շուրջ 10.000 մարդ: Հանրահավաքի ընթացքում քաղաքական գործիչները բարձրաձայնել են իրենց երկրում առկա քաղաքական, տնտեսական ու կոռուպցիոն բնույթի հրատապ խնդիրների մասին:

Մասնավորապես՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին կոչ է արել հավաքվածներին չվախենալ, համախմբվել ու պատրաստ լինել կառավարության վարած թալանի քաղաքականության դեմ պայքարին, contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Իշխանությունները շարունակում են անտեսել քաղաքացիների շահերը, տնտեսությունը շարունակում է մոնոպոլիստների ձեռքում մնալ, իսկ կոռուպցիան կառավարության հիմնական սկզբունքն է: Իշխանությունները միլիոններ են ծախսում հուշարձանների ու անմիտ միջոցառումների վրա: Պետք է նրանց ստիպել, որ հրաժարվեն այդ ցուցամոլությունից, բնական հարստությունների ու նավթի վաճառքից ստացված գումարների վատնումից:

Մեզ պետք չեն այդ Եվրոպական խաղերը, որոնց համար կպահանջվի 8 մլրդ: Տնտեսական ճգնաժամի շրջանում այսպիսի ծախսեր անելն ուղղակիորեն մատնանշում է, որ կառավարությունը ոչ կոմպետենտ է ու չի կարողանում նորմալ ղեկավարել երկիրը»,- ասել է Քերիմլին:

Հանրահավաքի մյուս մասնակիցները, ելույթի իրավունք ստանալով, անդրադարձել են մտավորականության ու մամուլի ներկայացուցիչների դեմ բազմաթիվ ոտնձգությունների դեպքերին, քաղբանտարկյալների թեմային:

Ազգային խորհրդի ներկայացուցիչ Ջամիլ Հասանլին ընդգծել է, որ «նավթից ստացված փողերն աջուձախ ծախսելով` իշխանությունները կարծում էին, թե տնտեսությամբ են զբաղված»: «Սակայն մանաթի արժեզրկումը ցույց տվեց, որ նրանք ո'չ տնտեսություն ունեն, ո'չ խելք, ո'չ էլ ռեալ ծրագրեր: Մենք պետք է ցույց տանք, որ նրանք ժամանակավոր են և, որ այս երկրի իրական տերերը մենք ենք` ժողովուրդը, այլ ոչ թե երկիրը բռնազավթածները»,- ասել է նա:

Քաղաքական գործիչների կարծիքով՝ ներկայում Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ շուտով կարող է սոցիալական պայթյուն տեղի ունենալ:

Վերջին տարիներին և հատկապես ամիսներին Ադրբեջանի ղեկավար վարչակարգի դեմ ակտիվացել է միջազգային կառույցի և մամուլի քննադատությունը: Ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների, լրագրողների իրար հաջորդող ձերբակալությունները, ԶՈՒ կորուստների մասին խիստ վերահսկվող տեղեկատվությունը, նավթի գների անկման պատճառով տնտեսական դժվարությունները և դրա ֆոնին դժգոհությունները սաստկացել են Եվրոպական խաղերը հյուրընկալելու ալիևյան պատրաստակամության համատեքստում: Այս վարչակարգը մարզական միջոցառման նախաշեմին արդեն անվերահսկելի ծավալների հասնող քննադատություններին պատասխանելում է նման ցույց «անցկացնելով»՝ փորձելով հավասարակշռել դրությունը՝ ժողովրդավարություն ցուցադրելով: