AM
6 Ապրիլ 2015 - 10:08 AMT

Ըստ ԶԼՄ-ների, Պուտինն ասել է՝ Պորոշենկոն մտադիր էր հանձնել Դոնբասը. Կրեմլում չեն մեկնաբանում

Ինչպես գրում է Forbes-ը, Արդյունաբերողների և գործարարների ռուսական միության (ԱԳՌՄ) վարչության բյուրոյի հետ մարտի 19-ի հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է գործարարներին, որ Պյոտր Պորոշենկոն առաջարկել էր իրեն «վերցնել Դոնբասը», ընդգրկելով ՌԴ կազմում:

Վալդիմիր Պուտինը հանդիպել է վարչության բյուրոյի հետ միության համագումարում ելույթից անմիջապես հետո: Զրույցն անցել է փակ դռների ետևում: Արդյունքում ՌԲԿ-ն հայտնել է, որ Պուտինը խոստացել է գործարարներին պահպանել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը: Սակայն, ինչպես գրում է պարբերականը, կենսաթոշակային թեման միակը չի եղել: Ժամանակի մեծ մասը ՌԴ նախագահը նվիրել է Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված վիճակին:

Ըստ Պուտինի, Պորոշենկոն Մինսկում փետրվարի 11-12-ին կայացած «նորմանդական քառյակի» բանակցությունների ժամանակ առաջարկել է միացնել Դոնբասը Ռուսաստանին: Forbes-ի աղբյուրներից մեկի համաձայն, ՌԴ նախագահը այսպես է փոխանցել գործարարներին իր խոսակցությունը Պորոշենկոյի հետ. «Նա (Պորոշենկոն) ինձ ուղղակի ասաց. «Վերցրեք Դոնբասը»: Ես պատասխանեցի. «Գժվե՞լ ես, ի՞նչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ: Եթե ձեզ էլ պետք չէ, հայտարարեք նրա անկախությունը»: Ըստ ՌԴ նախագահի, Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն կարող դրան գնալ: Այդ դեպքում, Ուկրաինայի իշխանությունները պետք է Դոնբասի բնակչությանը վճարեն կենսաթոշակները, նպաստները ու վերականգնեն բանկային համակարգը, պահանջել է Պուտինը:

Հանդիպման մասնակիցներից մեկը, ցանկանալով գաղտնիություն պահպանել, հաստատել է, որ Պուտինը պատմել է գործարարներին Պորոշենկոյի անսպասելի առաջարկի և իր հրաժարվելու մասին: «Պորոշենկոն առաջարկել է ՌԴ-ին ստանձնել Դոնբասի ֆինանսական ապահովումը: իսկ Պուտինն ասել է, որ դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, եթե Դոնբասը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, իսկ քանի դեռ Դոնբասն Ուկրաինայի մաս է կազմում, բոլոր վճարումները պետք է կատարի ուկրաինական կողմը»,-ասել է նա:

Մինչդեռ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել հրապարակումը: «Այնքան էլ լավ չէ, որ այդ միջոցառման ինչ-որ մասնակիցներ պատմել են նախագահի հետ խոսակցության բովանդակության մասին: Թող դա նրանց խղճին մնա՝ ճիշտն են պատմել, թե ոչ: Ես մտադիր չեմ մեկնաբանել»,-ասել է Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ երբեք չի մեկնաբանում միջոցառումների մասնակիցների հետ նախագահի շփման «փակ» մասը, հայտնում է Ինտերֆաքսը:

Փետրվարի 12-ին «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Forbes-ը հավելում է, որ «Դոնբասը վերցնելու» Պորոշենկոյի առաջարկը հավանական չի թվում՝ գուցե, դա ասվել է որպես կատակ, սակայն, հազիվ թե այն հարկ լինի լուրջ քննարկել, ասել է փորձագետ Եվգենի Յասինը: Ընդ որում, դա շատ լուրջ հարց է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի համար: Ըստ նրա, Դոնբասի միացումն անտեղի է թեկուզ այն պատճառով, որ «որպես ածխի ավազան, որպես հին արդյունաբերական շրջան այն արդեն մեծ հեռանկարներ չունի և գործնականում այլևս գոյություն չունի»: Իսկ Ռուսաստանի համար դա կդառնա Արևմուտքի նոր ու ավելի խիստ պատժամիջոցների կիրառման հիմք: