Յուրաքանչյուր լավ խոհարար գիտի, որ ուտեստի պատրաստումն առաջին հերթին արվեստ է: Ստեղծագործական մոտեցումը գործընթացին և ձեռքերի ճարպկությունը սովորական մթերքը վերածում են խոհարարական արվեստի իսկական գլուխգործոցների, որին ունակ է միայն մարդը:
Սակայն Moley Robotics թիմի անդամներն այլ կարծիքի են` նախապես իմանալով բաղադրությունը, գործողությունների հետևողականությունն ու անհրաժեշտ քանակները, բավականաչափ ճկուն ռոբոտը կարող է արագ և համեղ պատրաստել` օգտվելով համացանցի կամ սմարթֆոնի «ուղեղի» բաղադրատոմսերից:
Ռոբոտ-խոհարարը բաղկացած է երկու մանիպուլյատորից, որոնք կախված են խոհանոցային պարագաների` ջեռոցի, գազօջախի, աշխատանքային մակերեսի ու լվացարանի վերևում: 24 միացությունների ու 20 շարժիչի միջոցով մանիպուլյատորները կարող են ցանկացած սպասքից կամ պարագայից օգտվել, հստակ կրկնելով խոհարարի շարժումները, որոնք նախապես կտեսագրվեն և կբեռնվեն սարքի հիշողության մեջ: Ռոբոտի աշխատանքը կառավարելու է սովորական սմարթֆոնը, իսկ հատուկ հավելվածը թույլ կտա դա անել հեռահար:
Ռոբոտը զանգվածային վաճառքի կհանվի 2017-ին: Ռոբոտն աշխատելու է հատուկ պաշտպանական ապակու ներսում, հակահրդեհային համակարգը կպաշտպանի նրան հրկիզումից:
Ինչ վերաբերում է իսկական խոհարարներին, ապա ընկերությունում վստահ են, որ նորույթը թույլ կտա նրանց փող վաստակել` առցանց վաճառելով իրենց ֆիրմային բաղադրատոմսերը: Օգտագործելով այդ տեղեկությունները` ռոբոտը իսկական խոհարարներից վատ չի պատրաստի, սակայն ինքնուրույն, դեռևս, չի կարող ստեղծագործական աշխատանք կատարել: