AM
25 Ապրիլ 2015 - 08:39 AMT

Օլանդն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից հետո կարճատև աշխատանքային այցով մեկնել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ֆրանսուա Օլանդը և Իլհամ Ալիևը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առկա իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության վրա հղումով:

Նախագահների հանդիպման մանրամասները չեն ներկայացվում: Նշված է միայն, որ Ալիևը «գոհունակութուն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ֆրանսուա Օլանդի ակտիվ դերակատարության վերաբերյալ»: «Կողմերը նաև շահագրգռվածություն են հայտնել կապերի ընդլայնման հարցում` նշելով, որ դրա համար մեծ հնարավորություններ կան», ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին «Նամակ է ստորագրվել ադրբեջանա-ֆրանսիական համալսարանի ստեղծման մտադրությունների մասին»:

Ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցավ Սարգսյան-Օլանդ հանդիպումը:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի նման պետության հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար, որի հիմքում այսպիսի քայլերն են: Նախագահը նշել է, որ շատ բարձր է գնահատում պարոն Օլանդի այսօրվա ելույթը և դրա միջոցով աշխարհին հղված նրա ուղերձները, առանց որոնց ոգեկոչման այսօրվա միջոցառումները լիարժեք չէին լինի:

Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, թե այնպիսի զգացողություն ունի, որ Երևանում պատմական իրադարձության մասնակցեց. պատմական, որովհետև 100-րդ տարելիցն էր Հայոց ցեղասպանության: Պատմական, որովհետև միջոցառման բոլոր մասնակիցները խաղաղության և հույսի ուղերձ հղեցին այն ազգերին, որոնք պատմության ընթացքում ճնշվել են ու դառնություններ կրել: