AM
14 May 2015 - 09:35 AMT

Samsung-ի խելացի ժամացույցը զանգեր կկատարի առանց սմարթֆոնին միանալու

Apple ընկերության գլխավոր մրցակից հարավկորեական հսկա Samsung ընկերությունը չսպասեց մինչ ամերիկյան ընկերության «խելացի» ժամացույցը տարածում ստանա աշխարհում և հայտարարեց իր նոր մշակման մասին` ի դեմս Samsung Gear սմարթ-ժամացույցի նոր տարբերակի:

Ինչպես և խոստացվել էր, Gear ժամացույցի նոր տարբերակը կունենա կլոր 1,18-դյույմանոց դիսփլեյ` 360-ը 360 կետի թողունակությամբ, 2G բջջային մոդուլ, GPS, աքսելերաչափ, հիրոսկոպ, ճնշման ցուցիչ և սրտամկանի ռիթմի մոնիտոր: Gear S ժամացույցի հիմնական տարբերությունը նախորդներից 3G բջջային ցանցերի ներկառուցված աջակցության հնարավորությունն է: Գործառույթը թույլ է տալիս սարքին հաղորդագրություններ ընդունել և ուղարկել կամ զանգեր կատարել նույնիսկ այն ժամանակ, երբ այն միացած չէ օգտատերի սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով կամ Wi-Fi ցանցին:

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ:

Samsung-ի գլխավոր նորամուծությունը կլինի պտտվող մետաղյա շրջանակը ժամացույցի կողային մասում` Apple Watch-ում Digital Crown անիվի նմանությամբ: Դրա օգնությամբ օգտատերերը կարող են թերթել ցուցակները, մոտեցնել և հեռացնել, կարգաբերել ձայնի բարձրությունը և ընտրել կետերից մեկը հիմնական շրջանակային մենյուում:

Samsung-ի նոր ժամացույցին հնարավոր կլինի Bluetooth միջոցով միացնել գարնիտուրներ և ականջակալներ` զանգերն ընդունելու համար: Ինչպես և նախորդները, նոր սարքը հնարավոր կլինի ներդաշնակեցնել Samsung-ի այլ սմարթֆոնների և պլանշետների հետ:

Նոր ժամացույցի պաշտոնական ներկայացման ժամկետը դեռ չի նշվում: Սակայն արդեն հայտնի է, որ սարքը Samsung-ի համար կլոր դիսփլեյով առաջին սարքը կլինի: Մինչ այդ այդպիսի էկրանների էին անցել Motorola, Huaiwei և LG-ն:

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում: