AM
16 September 2006 - 10:51 AMT

Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրներում «բիզնեսի վարման պարզության» վարկանիշային ցուցակում

Համաշխարհային բանկի եւ ՄՖԿ-ի կողմից հրատարակվող ամենամյա Doing Business տեղեկագիրը ամփոփել է աշխարհի 175 երկրներում «բիզնեսի վարման պարզության մակարդակի» հետազոտության 2005-2006 թվականների արդյունքները: Գնահատվել է ոչ միայն գոյություն ունեցող իրադրությունը (ընդհանուր վարկանիշը), այլեւ դինամիկան` փոփոխությունները քաղաքականությունում, որ տեղի են ունեցել վերջին տարվա ընթացքում: Այս ցուցանիշի հիման վրա առաջին տեղն են գրավել Արեւելյան Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրները, որտեղ բիզնեսի վարման համար միջավայրը բարելավվում է ամենից արագ տեմպերով: Վարկանիշը կազմելու ժամանակ հաշվի են առնվել ժամանակային եւ ֆինանսական ծախսերը, որոնք անհրաժեշտ են ընկերության ստեղծման համար, նրա գործնեության արժեքը, մասնավորապես առեւտրական գործողությունների, հարկային ճնշման ծավալը, ինչպես նաեւ ընկերության վերացման արժեքը:

Արդյունքում, բարեփոխումների դինամիկայի տեսանկյունից, ըստ հերթականության, տասնյակը կազմել են Վրաստանը, Ռումինիան, Մեքսիկան, Չինաստանը, Պերուն, Ֆրանսիան, Խորվատիան, Գվատեմալան, Գանան եւ Թանզանիան: Կարծիք կա, որ ԱՊՀ երկրներից Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում գոնե մեկ բարեփոխում է անցկացվել: Տաջիկստանում բարեփոխումներ չեն նկատվել, իսկ Ուզբեկստանը, հետազոտողների կարծիքով, նույնիսկ բարդացրել է բիզնեսի վարման պայմանները:

Ընդհանուր վարկանիշում ԱՊՀ երկրների ցուցակում առաջին տեղերն են գրավել Հայաստանը (34-րդ տեղ), Վրաստանը (37-րդ) եւ Ղազախստանը (62-րդ): Տարածաշրջանում վատագույն արդյունքներն են ցույց տվել Տաջիկստանը (133-րդ տեղ) եւ Ուզբեկստանը (147-րդ), Ռուսաստանը գտնվում է ցուցակի մեջտեղում (96-րդ տեղ), երեք տեղով ետ մնալով Չինաստանից, սակայն առաջ անցնելով Բրազիլիայից եւ Հնդկաստանից: Ուկրաինան եւ Բելառուսիան գրեթե հավասար են առաջ շարժվում` գրավելով համապատասխանաբար 128-րդ եւ 129-րդ տեղերը համաշխարհային վարկանիշային ցուցակում: