AM
15 Մայիս 2015 - 08:47 AMT

Արաբական երկրները և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են պահպանել Մերձավոր Արևելքի պատմամշակութային ժառանգությունը

Արաբական երկրները ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ պատրաստ են պաշտպանել Մերձավոր Արևելքի պատմամշակութային ժառանգությունը ոչնչացումից, հայտարարվել է հնագույն հուշարձանների պահպանության հարցով միջազգային գիտաժողովի արդյունքներով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Կահիրեի հռչակագրում, որը ստորագրել են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Լիբիան, Սուդանը և Օմանը, նշվում է, որ երկրները պայմանավորվել են «զարգացնել համագործակցությունը՝ մշակութային արժեքների անօրինական շրջանառությանը և ոչնչացմանը հակազդելու նպատակով», – գրում է Tert.am-ը:

Տարածաշրջանի երկրների առանձնահատուկ անհանգստությունն են առաջացնում ծայրահեղականների գործողությունները, որոնք ոչնչացնում են պատմական հուշարձանները։

Ապրիլի սկզբին տեղեկություն տարածվեց, որ «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման զինյալներն ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի հյուսիսում: Գրոհայինները կոտրել են հին քանդակներն ու արվեստի այլ նմուշներ, որոնք գտնվում էին պատմական հուշարձանի տարածքում, մահակների և հրազենի օգնությամբ, իսկ հետո բուլդոզերների օգնությամբ հողին են հավասարեցրել քաղաքը:

Համարվում էր, որ գրոհայիններն ավերել են քաղաքը դեռ մարտի սկզբին, սակայն վերջին կանգուն շինություններն ու արտեֆակտերը, այդ թվում հնագիտական պեղումների շրջանը, ոչնչացվել են ապրիլի սկզբին: :

Հաթրան ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում էր ընդգրկված եզակի ճարտարապետության համար, որը ներառում էր հելլենական և հին հռոմեական ավանդույթների տարրեր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները քանդել են Իրաքի ևս մեկ հուշարձան՝ հին կաթոլիկ վանքը: Ծայրահեղականները թալանել են Մոսուլից 30 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Համդանիա քաղաքում գտնվող շինությունների համալիրը, իսկ հետո գործի են դրել վանքի տարածքում տեղադրված պայթուցիկ սարքը:

Էլ Համդանիայի վանքը IV դարում կառուցվել է Ասորեստանի թագավոր Սենհարեբի հրամանով որպես ապաշխարանք որդու՝ Բեհնամի և դստեր՝ Սառայի սպանության համար, որոնք քրիստոնեություն էին ընդունել: Մինչև 1790 թ. վանքը հանգստավայր է եղել բազմաթիվ սիրիացի ուղղափառ պատրիարքների համար, մինչև որ չի փոխանցվել կաթոլիկ եկեղեցուն: Սակայն 8 տարի անց սիրիական ուղղափառ եկեղեցին կրկին ընդունել է այն:

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրին Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին իրաքյան Մոսուլում:

Մարտի սկզբին «Իսլամական պետության» ահաբեկիչները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորական Նեմրութ քաղաքի ավերակներն Իրաքի տարածքում, հայտնում է Իրաքի զբոսաշրջության և պատմական հուշարձանների նախարարությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են հազարամյակների վաղեմության արձանների և քանդակների հավաքածուն: Ավերածության ենթարկված հուշարձանների քանակը չի նշվում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը:

Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: