AM
15 Մայիս 2015 - 08:52 AMT

The Daily Beast. Էրդողանի ընդդիմախոսներն ու մարդիկ փողոցներում հաճախ ասում են, որ նա խելագարվել է

Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չորս շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, և թվում է, թե երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խուճապի մեջ է, գրում է ամերիկյան The Daily Beast էլեկտրոնային պարբերականը:

Նրա քաղաքական ընդդիմախոսները և մարդիկ փողոցներում հաճախ կրկնում են, որ Էրդողանը խելագարվել է, և նրան այժմ ղեկավարում է իշխանության անհագ ծարավը: Անցած տարի Անկարայում իր նոր շքեղ 1.100-սենյականոց պալատը տեղափոխվելուց ի վեր Էրդողանը մեղադրվում է շքեղության անկառավարելի ցանկությանը տրվելու համար, հայտնում է Tert.am-ը:

Քուրդ քաղաքական գործիչ Աբդուլլահ Զեյդանը նշում է, որ նախագահը «կարծում է, որ նա սուլթան է»: Խորհրդարանի փոխխոսնակ Մերալ Աքշեները պնդում է, որ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փակ դռների հետևում մարդկանց պատմում է, որ Էրդողանը «խելագարվել է»:

Հարցումները ցույց են տալիս, որ ընտրությունների ժամանակ Էրդողանի կուսակցությունը հավանաբար չի կարողանա ստանալ ձայների մեծամասնությունը, որը նրան անհրաժեշտ է իրեն՝ որպես նախագահի, անսահմանափակ լիազորություններով օժտելու նպատակով սահմանադրական փոփոխություններ կատարելու համար: Երկրի տնտեսական վիճակը, աճող գործազրկությունը և քաղաքական ընդդիմությունը դժվարություններ են առաջացնում Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար: Էրդողանն, իհարկե, շատ բան ունի կորցնելու: Եթե ընտրությունների արդյունքները թույլ չտան նրան իրականացնել սահմանադրական փոփոխությունները, հավանաբար՝ նա դա այլևս չի կարողանա անել, և դա կլինի նրա առաջին պարտությունը քաղաքական կյանքում:

Էրդողանի քննադատներն անհանգստություն են հայտնում նաև, որ նախագահը կարող է դիմել խարդախությունների իր կուսակցության քաղաքական հաղթանակն ապահովելու համար: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Թեքին Գյուրսելն անգամ նախազգուշացրել է, որ Էրդողանը կարող է է՛լ ավելի հուսահատ քայլեր ձեռնարկել և Սիրիայում ռազմական արկածախնդրության դիմել՝ փորձելով օգտագործել ազգայնականության ալիքը կամ հետաձգել ընտրությունները:

Կայքը նշում է, որ առաջին անգամը չէ, երբ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները մտածում են նախագահի հոգեվիճակի մասին: 2013 թվականի Գեզիի հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ Էրդողանի զայրույթի բռնկման ժամանակ Թուրքիայի բժշկական ասոցիացիան հայտնել էր, որ մտահոգված է նրա հոգեկան առողջության հարցով:

Ավելի վաղ Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները հայտարարեցին, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Էրդողանին այդպես էլ չի հաջողվում հրաժարվել այն մտքից, որ ինքը չէ կառավարության իրական ղեկավարը: Այս հանգամանքը, ըստ վերլուծական կենտրոնի, Էրդողանի գլխավոր խնդիրներից մեկն է: «Թուրքիայում աճող ներքաղաքական անհամաձայնությունները կարող են լուրջ հարվածի տակ դնել մինչ այս Էրդողանի կողմից իրականացրած հավասարակշռման քաղաքականությունը, ինչը կարող է բերել նաև Թուրքիայի ակտիվ ներգրավվմանը իր սահմանների մոտ ընթացող հակամարտություններում»,-ասվում էր փորձագետների հոդվածում:

Գերագույն ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ խորհրդարանի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցով Թուրքիայի քաղաքացիները նոր խորհրդարան ընտրելու համար կքվեարկեն հունիսի 7-ին: Արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցողները՝ մայիսի 8-ից 31-ը:

Ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական ցուցակները պետք է հանձնաժողով ներկայացնեն մինչև ապրիլի 7-ը, իսկ խորհրդարանի պատգամավորի թեկնածու առաջադրվածների պաշտոնական ցանկը Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը հրապարակելու է ապրիլի 24-ին: Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն է. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Իսկ նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները: