Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել դատի տալ Cumhuriyet թերթի խմբագրին և նյութի հեղինակներին, որտեղ թուրքական հատուկ ծառայությունները մեղադրվում են Սիրիա զենքի մաքսանենգության մեջ: Ինչպես ասվում է հրապարակման մեջ, զենքը տեղափոխվել է իսլամիստների կողմից վերահսկվող տարածք:
«Ես սա այսպես չեմ թողնի: Հրապարակման համար պատասխանատու մարդիկ կպատժվեն ամենայն խստությամբ»,-հայտարարել է նախագահը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում: Էրդողանը հայտարարել է, թե խմբագրությունը Ֆեթուլլահ Գյուլենի պատվերն է կատարել:
«Ազգային հետախուզական կազմակերպությանը ապօրինի գործունեության մեջ մեղադրելը ոչ այլ ինչ է, քան լրտեսություն: Թերթը հենց լրտեսությամբ էլ զբաղվում է»,-ասել է նախագահը: Ըստ նրա, կազմակերպությունն ուղեկցել է սիրիացի թուրքմեններին հասցեագրված հումանիտար բեռը: Ինչպես հայտնել է խմբագրությունը, տեսագրությունը, որտեղ թուրքական ոստիկանները զենքով արկղերը բեռնում են մեքենաներ, նկարահանվել է 2014-ի հունվարին: Լրագրողները հայտնել են, որ մտադիր չեն հրապարակել տեղեկատվության աղբյուրը:
Դատախազությունը քննություն է սկսել թերթի խմբագիր Քանա Դունդարի դեմ: Լրագրողը պատասխանել է` հայտարարություն հրապարակելով սոցցանցերում: «Մենք լրագրողներ ենք, ոչ թե պետական պաշտոնյաներ: Մեր խնդիրն է ոչ թե ամեն գնով պաշտպանել իշխանություններին, այլ քաղաքացիներին ճշմարտությունը պատմել»,-գրել է նա, հայտնում է Newsru.co.il-ը:
Էրդողանը նաև մեղադրել է արևմտյան ԶԼՄ-ներին այն ուժերին աջակցելու մեջ, որոնք ձգտում են «թուլացնել և մասնատել երկիրը»:
«Հասկանալի է, թե որ ուժերն են դրա հետևում կանգնած: Նրանք գնում են այն ուղղությամբ, որը նրանց մատնանշում են: BBC-ին և CNN-ը նույնն էին անում Գեզիի բողոքների ժամանակ: Դուք գիտեք, թե ո՞րն է նրանց նպատակը: Նրանք ցանկանում են թուլացնել Թուրքիան, մասնատել այն և կուլ տալ: Բայց մենք թույլ չենք տա դա անել, նրանք չեն հասնի հաջողության»,-հայտարարել է Էրդողանը, հայտնում է Ռոսբալտը:






