AM
4 Հունիս 2015 - 12:00 AMT

Գյուղոլորտում լավ արդյունքի են սպասում. Կարկուտի հասցրած վնասի չափը դեռ ճշտում են

Գարնան ամիսներին հանրապետությունում տեղացած կարկուտի հետևանքով հիմնականում տուժել են բազմամյա տնկարկները, պտղատու ծառատեսակները` հիմնականում ծիրանենին, և խաղողի այգիները: Այս մասին Կառավարության հունիսի 4-ի նիստում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ կարկուտը տեղացել է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում: Բոլոր համայնքերում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը:

«Մեր երկրում կարկտահարության հավանականությունը մեծ է ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում` կապված մեր աշխարհագրական դիրքով: Յուրաքանչյուր տարի հակակարկտային կայանների տեղադրման ծավալներն ավելացնում ենք, անցած տարի տեղադրվել է ութսուն կայան, այս տարի արդեն իսկ տեղադրվել է ութը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հակակարկտային կայանների արդյունավետությունը կազմում է 60-80 տոկոս, իսկ աշխարհում արդեն օգտագործում են հիմնականում ցանցային եղանակով պաշտպանության տեխնոլոգիաներ:

«էջմիածնի տարածաշրջանում ծիրանի այգիների վրա արդեն ունենք նման տեխնոլոգիաների ներդրման փորձ: Այդ ուղղությամբ արդեն լուրջ աշխատանքներ են տարվում, քանի որ դրանց արդյունավետությունը 100 տոկոս է: Համապատասխան աշխատանքներ են տարվում նաև Հայաստանում ցանցային տեխնոլոգիաների արտադրություն իրականացնելու ուղղությամբ, քանի որ դրանք մեզ համար այսօր առաջնային նշանակություն ունեն: Ակնկալվում է, որ արդեն հաջորդ տարվանից արտադրությունը կսկսվի»,- հայտարարել է Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի զարգացումներին`նախարարը նշել է, որ այս տարվա հունվար-ապրիլին ոլորտում աճը կազմել է 4,8 տոկոս: Նա հույս է հայտնել, որ մինչ տարեվերջ կարձանագրվի դինամիկ աճ, քանի որ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրևի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել, ինչի շնորհիվ առատ կլինի մրգի և բանջարեղենի բերքը: Լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից:

Կառավարությունից հայտնում են, որ նախարարի խոսքով, բավականաչափ միրգ և բանջարեղեն է արտահանվում հարևան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն:

Խոսելով ջերմոցային տնտեսությունների մասին` գյուղնախարարը տեղեկացրել է, որ ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցների թիվն այս տարի հանրապետությունում կավելանա 50-60 հեկտարով:

«Նոր ջերմոցների շահագործման արդյունքում ներկրված որևէ տեսակի բանջարեղեն շուկաներում չկա, բոլորը տեղական են: Միաժամանակ, մենք մթերումների առումով խնդիրներ չենք ունենալու, բոլոր կազմակերպությունները պատրաստակամ են բոլոր գյուղատնտեսական մթերքներն ընդունել և վերամշակել: Կառավարությունն իր հերթին ևս պատրաստ է վերամշակողներին ցուցաբերել անհրաժեշտ որոշակի օգնություն»,- ընդգծել է բանախոսը:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ հայտնել է, որ ՀՀ-ում տեղադրված է 412 հակակարկտային կայան, սակայն դրանց ընդհանուր պահանջարկը 5000-ից ավելի է: Առաջնային կերպով անհրաժեշտ է, որպեսզի մոտ ժամանակներս տեղադրվի առնվազն 1000 կայան, գրում է Panorama.am-ը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հաշվարկել, թե առաջնային նշանակություն ունեցող կայանների տեղադրման համար որքան գումար է անհրաժեշտ:

Մարտի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում ևս տեղացել է մոտ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Արարատի մարզում արձակվել է 2633 կրակոց: Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել էր, որ տեղացած կարկուտը պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը:

Բացի այդ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 15-ին` ժամը 14:20-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 13:55-ից մինչև 14:10-ն Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, ծիրանի և խնձորի այգիներ՝ մոտ 400 հա:

Ժամը 14:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տարածքում ժամը 14:33-ից մինչև 14:48-ն ընկած ժամանակահատվածում տեղացել է կարկուտ. վնասի չափերը ճշտվում են:

Ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում ժամը 16.00-ից մինչև 16.30-ը տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ. վնասի չափերը ճշտվում են:

Վերջին երկու տարածքը «Մևանծ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: Տեղացած կարկուտի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Կարդացեք նաև՝ Ծիրան 2015-ին շատ է լինելու. Գյուղփոխնախարարը նման բերք 40 տարի է՝ չի տեսել