ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ բաց խորհրդարանական լսումներ կլինեն, որոնց կարող են մասնակցել շահագրգիռ բոլորկողմերը:
Մինչև այդ՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը տեսակետ է հայտնել, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում այնուամենայնիվ կլինի, սակայն դա ամենևին էլ պարտքի հետ կապված խնդիր չէ:
«Ակնհայտ է, որ մենք ունենք այս ամբողջ տարիների թալանը հիմնավորելու և դրա հիման վրա սակագին թանկացնելու իրավիճակ: Այն տպավորությունն է, որ կա որոշումը, բայց մի քիչ էլ ուզում են ցույց տալ Բիբինին, որ հասարակության ընդվզումն են հաշվի առնում: Իրականում սա թատրոն է»,- վստահեցրել է նա, մեջբերում է «Առավոտ»-ը:
Անդրադառնալով հարցին, թե թանկացման դեպքում հնարավոր է սոցիալական պայթյուն, Սաֆարյանը պատասխանել է. «Նկատելի է, որ պայքարողների շարքում կան ռադիկալից մինչև ամենաչափավոր դիրքորոշում ունեցողներ: Եթե շարժման ակնկալիքները չբավարարվեն այս խնդրով, մենք իսկապես կունենանք լուրջ վիճակ: Չգիտեմ, թե դա ինչքանով սոցիալական պայթյունի կբերի, բայց այն, որ շարժմանը կմղի դեպի ռադիկալացում, թերևս տեսանելի է»:
ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:
Միևնույն ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունիսի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու մասին ՀԷՑ-ի առաջարկը մերժվելու է պատգամավորների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
«Համենայնդեպս՝ մասնագետների առաջին գնահատականներն այն են, որ այդ 17 դրամը շատ է: Որևէ մեկի համար թեկուզ մեկ դրամի թանկացումը ցանկալի չէ, սակայն կա նաև օբյեկտիվ թանկացում: Կքննարկենք, կտեսնենք, թե որքանով է այդ հայտը հիմնավոր, և առաջարկվող թանկացումն՝ օբյեկտիվ», – ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:
Շարմազանովը հավելել է, որ ցանկացած երկրում տնտեսական և քաղաքական իրավիճակի պատասխանատուն իշխանություններն են, և այս հարցում էլ Հանրապետական կուսակցությունը չի խուսափում պատասխանատվությունից. «Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ դեմ եմ անհարկի թանկացումներին: Սակայն, թե որքանով է այդ թանկացումը հիմնավոր, կկարողանամ ասել խորհրդարանական լսումերից հետո»:
2014-ի օգոստոսի 1-ից Հայաստանում սկսել են գործել էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնահատմամբ` սակագների բարձրացումն ուղղված է էներգետիկ համակարգում գործող ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացմանը։
Ավելի վաղ՝ 2015-ի հունվարին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե Հայաստանում 2015–ին էլեկտրաէներգիայի սակագները, ամենայն հավանականությամբ, չեն բարձրանա:






