Չնայած մի շարք բնապահպանական եւ միջազգային կազմակերպությունների բողոքներին` Վրաստանի կառավարությունը այնուամենայնիվ թույլ է տվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը: Ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, թույլտվությունը տրվել է մի շարք պարտադիր պայմանների առկայությամբ, որոնց չկատարումը ինքնաբերաբար չեղյալ է դարձնում այդ փաստաթուղթը: Մասնավորապես, ենթադրվում է, որ նավթատարը չի անցնի Վրաստանի բնապահպանական առումով կարեւոր գոտիներով, ներառյալ Բորժոմի կիրճը, որտեղ գտնվում են հայտնի հանքային աղբյուրները: Վրաստանի նախագահ Էդուրադ Շեւարնաձեի խոսքերով, երկրի կառավարության եւ նավթատարի նախագծի ներդնողների բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել «օպտիմալ որոշում» նավթատարի վրացական հատվածի շինարաության վերաբերյալ: Մեկնաբանելով հասարակայնության անհանգստությունը նախագծի բնապահպանական վտանգի կապակցությամբ` Շեւարնաձեն հավաստիացրել է, որ ներդնողները առաջարկել են համաշխարհային պրակտիկայում աննախադեպ բնապահպանական անվտանգության միջոցներ: